
«Մտածել են՝ իրենց տանում են սպանելու». Արցախից վերջին հայերի հեռանալու մանրամասները․ «Ազատություն»
Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Նույնիսկ իրենց մեջ խոսակցություն է սկսել, մարդկանց մեջ, որ «տանում են սպանեն մեզ», այսինքն՝ իրենք չէին իմանում, որ գալիս են դեպի Հակարի: Հակարի հասնելու, էդտեղ են հասկացել, որ փոխում են»,- «Ազատությանը» փոխանցեց Պետրոսյանը:
Ըստ ականատեսներից մեկի՝ ողջ ճանապարհին մահվան սարսափից հեկեկում էր Ռիտան՝ ազգությամբ ռուս, բայց Արցախում որդեգրված-մեծացած մի կին, որ շներին ու կատուներին էր կերակրում: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, և մեկ էլ պարզել են՝ իրենցից մեկը չկա:
«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն, [Միշա Գրիգորյանը], որը ինչ-որ բաներ էր խոսում: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են»,- պատմեց Տիգրան Պետրոսյանը:
Միշա Գրիգորյանը ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում՝ այս հայերն ինչո՞ւ հեռացան Արցախից:
Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ, հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել:
Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ՝ վերջին ամիսները դժոխային են եղել Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում. այստեղ էին ադրբեջանցիները հավաքել շուրջ մեկ տասնյակ հայերի՝ հիմնականում առողջական խնդիրներով, միայնակ մարդիկ:
«Իրենք վերջին ամիսներին բոլորովին փակված էին՝ գերու կարգավիճակով, էնքան որ սնունդ էին տալիս: Իրենք միշտ ասում էին՝ «խի՞ եք է մնացել, խի՞ չեք գնում, խի՞ չեք գնում, գնացեք, գնացեք»,- նշեց Պետրոսյանը:
Շարաունակությունը՝ սկզբնաղբյուրում։


