
Ցմահ դատապարտվածների փոխանցում՝ առանց պատժի շարունակության երաշխիքի․ «Հետք»
Արդարադատության նախարարությունը չի պատասխանել «Հետք»-ի հարցին, թե Նախարարությունն ի՞նչ երաշխիք է ստացել, որ սիրիացի երկու վարձկաններին փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետությանը՝ պատժի կրումը շարունակելու նպատակով․ գրում է «Հետք»-ը։
Պատժի մնացած մասն իրենց երկրի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քրեակատարողական հիմնարկում կրելու խնդրանքով դիմել են Հայաստանում ցմահ դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին: Դրանից հետո Արդարադատության նախարարությունն իրականացրել է փաստերի և հանգամանքների ուսումնասիրություն: Արդյունքում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից կայացվել է դատապարտյալների փոխանցումը բավարարելու որոշում:
Արդարադատության նախարարությունը 2026թ. հունվարի 14-ին հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:
Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման հարցը կարգավորվել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, ըստ որի՝ դատապարտյալի փոխանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև փոխադարձության հիման վրա:
«Դատապարտյալների փոխանցումն արգելող հանգամանքների բացակայությամբ պայմանավորված՝ իրականացվել է վերջիններիս փոխանցումը Սիրիայի Արաբական Հանրապետություն»,- հայտնել են Արդարադատության նախարարությունից:
Պատժի կրման երաշխիքների մասին որև հիշատակում չկա նախարարության պատասխանում: Սա պատահական չէ, քանի որ տարիներ առաջ Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին հանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին՝ դարձյալ պատժի կրումը շարունակելու համար, սակայն երկիր մուտք գործելուց հետո Սաֆարովը հերոսացվեց և ազատվեց պատժի կրումից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


