02 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջին միջանցք. ԱՄՆ-ի ռազմավարական խաղը Հայաստանում

Միջին միջանցք. ԱՄՆ-ի ռազմավարական խաղը Հայաստանում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան տեղավորվում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վերաֆորմատավորման ընդհանուր տրամաբանության մեջ։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները վերանայում է իր մոտեցումները ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն՝ եվրասիական տարածքի նկատմամբ՝ կիրառելով քաղաքական և ռազմավարական նոր գործիքներ։

Պողոսյանի խոսքով՝ ամերիկյան արտաքին քաղաքականության վերադիրքավորումը նկատելի է ինչպես ավանդական դաշնակիցների, այնպես էլ մրցակցային ուղղությունների հանդեպ։ Այս համատեքստում Հարավային Կովկասը ձեռք է բերում նոր նշանակություն, հատկապես ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների և ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։

«Սա ընդգծում է Միացյալ Նահանգների մեծ եվրասիական քաղաքականությունը և այն ուղերձները, որոնք Վաշինգտոնը փորձում է փոխանցել տարածաշրջանային դերակատարներին»,- նշել է քաղաքագետը։

Անդրադառնալով լայնորեն քննարկվող TRIPP նախագծին՝ Արա Պողոսյանը ընդգծել է, որ այն Միացյալ Նահանգների, նաև Թուրքիայի և Ադրբեջանի համար ունի նախևառաջ քաղաքական, այլ ոչ թե տնտեսական նշանակություն։

Նրա խոսքով՝ առայժմ չկան այնպիսի հիմնավոր հաշվարկներ, որոնք կվկայեն,որ նախագիծն իրականում այն տնտեսական մեգանախագիծն է, ինչպես հաճախ ներկայացվում է։ Փոխարենը այն կիրառվում է որպես քաղաքական և «փափուկ ուժի» գործիք՝ խոստանալով տարածաշրջանային լայն տնտեսական հնարավորություններ։

«Նախագծի հիմնական նշանակությունը քաղաքական է. այն հանդիսանում է տարածաշրջանային տրանսպորտային «միջին միջանցքի» բաղկացուցիչ, որն օգնում է սահմանափակել Չինաստանի և Ռուսաստանի ազդեցությունը»,- նշում է Պողոսյանը։

Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ միջին միջանցքի ռազմավարական նպատակը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը հակակշիռ ստեղծելն է։ ԱՄՆ արտաքին քաղաքական դոկտրինի շրջանակում Չինաստանը աստիճանաբար դիտարկվում է որպես թիվ մեկ ռազմավարական մրցակից, իսկ այդ մրցակցությանը հակազդելու մեխանիզմներից մեկը հենց այլընտրանքային տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների ձևավորումն է։

«Այս մոտեցումը միաժամանակ միտված է շրջանցել ինչպես Չինաստանը, այնպես էլ Ռուսաստանն ու Իրանը»,-  ընդգծում է նա։

Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր նոր դիրքորոշումների մասին՝ Արա Պողոսյանը նշել է, որ հատկապես Ադրբեջանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է իր ռազմավարական նշանակությունը «թանկ վաճառել» Միացյալ Նահանգներին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կարևորությունը Վաշինգտոնի համար պայմանավորված չէ միայն էներգառեսուրսներով։

«Ադրբեջանը, գտնվելով Կասպից ծովի արևմտյան ափին, այն դերակատարն է, որը, ինչպես Զբիգնև Բժեզինսկին էր ձևակերպում, հանդիսանում է Կասպիական հարստության հասանելիության «շշի խցանը»,- նշել է քաղաքագետը։

Այս հանգամանքով պայմանավորված՝ Բաքուն, ըստ Պողոսյանի, փորձում է առավելագույն օգուտներ քաղել ԱՄՆ-ի հետ հարաբերություններից՝ հատկապես պաշտպանական և ռազմավարական տեխնոլոգիական գործակցության ուղղությամբ։

«Այս այցի ֆոնին Ադրբեջանը առավել հակված է խորացնել գործակցությունը Միացյալ Նահանգների հետ, և թվում է՝ այդ ուղղությամբ որոշակի արդյունքներ արդեն արձանագրվում են»,- եզրափակել է Պողոսյանը: 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ