
Աբսուրդային, անհիմն, բայց սպասելի․ միջազգային մամուլի անդրադարձը Ռուբեն Վարդանյանի դատավճռին
Բաքվի ռազմական դատարանը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 57-ամյա Վարդանյանը ռուսաստանաբնակ միլիարդատեր էր, որը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը գլխավորելու համար։ Նա ձերբակալվել էր Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից պատերազմից հետո։ Պետական մեղադրողը խնդրել էր ցմահ ազատազրկում Վարդանյանի համար․ գրում է BBC-ն։
Ինչպես նշվում է, 2022 թվականի աշնանը Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, մեկնել Լեռնային Ղարաբաղ և դարձել չճանաչված հանրապետության պետնախարար, այսինքն՝ կառավարության ղեկավար։
2023 թվականի սեպտեմբերին, այսպես կոչված, «մեկօրյա պատերազմի» հետևանքով Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Ղարաբաղի ամբողջ տարածքի նկատմամբ։ Հայ բնակչությունը՝ ավելի քան 100․000 մարդ, լքեց իր տունն ու գնաց Հայաստան։ Անցյալ շաբաթ ադրբեջանական դատարանը դատապարտեց ԼՂ 8 այլ հայ առաջնորդների երկարատև ազատազրկման, այդ թվում՝ ցմահ։
«Փետրվարի 10-ին ես ներկայացրի իմ եզրափակիչ խոսքը՝ արգելելով փաստաբանին ներկայացնել պաշտպանական փաստարկներ, քանի որ կարծում եմ, որ սա դատավարություն չէ, այլ դատավարության ծաղրանք, և նորմալ դատավարության հնարավորություն չկար», – մեջբերում է նրան Վարդանյանի փաստաբանների և ընտանիքի կողմից ստեղծված կայքը։
Վարդանյանի ելույթը հիմնականում նվիրված էր խաղաղության գործընթացին։ Չճանաչված հանրապետության կառավարության նախկին ղեկավարն ասել է, որ գործընթացի երկու կողմերը պետք է հավասար պայմաններում լինեն։
«Եթե մեկը մյուսին նվաստացնի, ոչինչ չի ստացվի, խաղաղություն չի լինի»,- նշել է նա։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Վարդանյանը վաղուց է զբաղվում բարեգործությամբ Հայաստանում՝ ներդրումներ կատարելով մշակութային և ենթակառուցվածքային նախագծերում։ Նրա ամենահայտնի նախագծերից մեկը ճոպանուղին է դեպի հին Տաթևի վանք, որը գտնվում է Սյունիքի լեռներում՝ Հայաստանի հարավային շրջաններից մեկում։
Ղարաբաղի հայերի ազատ արձակման հարցը պարբերաբար բարձրացվում է Հայաստանի քաղաքական գործիչների կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ քննադատության է ենթարկվում այս հարցը բարձրացնելու իր դժկամության համար՝ թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների, թե՛ արևմտյան քաղաքական գործիչների հետ բանակցությունների ժամանակ։
Այնուամենայնիվ, պաշտոնական հայտարարությունների համաձայն, Փաշինյանը քննարկել է այս հարցը և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, և՛ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
Անցած ուրբաթ Իլհամ Ալիևը France 24-ի հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր չէ ազատ արձակել չճանաչված հանրապետության դատապարտված առաջնորդներից որևէ մեկին։ Նա դատավարությունը որակել է «թափանցիկ», իսկ հանցագործությունները՝ «լիովին ապացուցված»։
Reuters-ը նշում է, որ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը չի հայտնել, թե արդյոք Վարդանյանը մտադի՞ր է բողոքարկել որոշումը: Գործակալությունը չի կարողացել անմիջապես կապ հաստատել նրա՝ Բաքվում բնակվող փաստաբան Էմիլ Բաբիշովի հետ։
Մեղադրողները պահանջել էին ցմահ բանտարկություն 57-ամյա քաղաքացու համար, որի միջազգային իրավախորհրդատուն դատավարությունը որակել է ո՛չ ազատ, ո՛չ էլ արդար:
Դատավճիռը կայացվել է այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ գրեթե 40 տարի տևած հակամարտությունից հետո։
«Коммерсантъ»-ին տրամադրված հայտարարության մեջ Վարդանյանի ընտանիքի անդամներն Ադրբեջանի կառավարության մեղադրանքներն անվանել են աբսուրդային և անհիմն։
«Այս ամբողջ ընթացքում Ռուբենը զրկված է եղել պատշաճ դատավարության, ինչպես նաև իրական, ոչ թե պաշտոնական իրավաբանական ներկայացուցչության, միջազգային փաստաբանների հետ կապ հաստատելու և անկախ լրատվամիջոցների՝ լսումներին մասնակցելու հնարավորությունից», – նշվում է Վարդանյանների ընտանիքի հայտարարության մեջ։
ТАСС-ը հիշեցրել է, որ գործարար Վարդանյանը «Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիրն է և «Սկոլկովո» կառավարման դպրոցի առաջին նախագահը։ 2022 թվականի սեպտեմբերին նա հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Ղարաբաղ տեղափոխվելու որոշման մասին։


