
Բաքուն փորձում է ջնջել ԼՂՀ-ի մասին հիշողությունները, իսկ Փաշինյանն ազատվում է հնարավոր մրցակիցներից․ ռուսական մամուլի ամփոփում
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճիռը կանխատեսելի էր. Известия-ի հետ զրույցում նշել է կովկասյան հարցերով փորձագետ Վադիմ Մուխանովը։
«Չեմ կարծում, որ այս գործը որևէ ուժեղ արձագանք կառաջացնի Հայաստանում։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հանրային գիտակցությունից ջնջեն Արցախի կորստի թեման։ Քանի որ երկիրը գտնվում է նախընտրական շրջանում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի մոռացության մատնելը դառնում է հատկապես կարևոր»,- բացատրել է նա։
Взгляд-ի հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովն ընդգծել է․«Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճռով Ադրբեջանը խորհրդանշականորեն ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի առանձին գոյության պատմական շրջանն ավարտվել է ընդմիշտ։ Այստեղից էլ՝ մեղադրյալների դեմ կոշտ հռետորաբանությունը։ Բաքուն ընդգծել է, որ ոչ ոք չպետք է նույնիսկ մտածի այս թեմայի շուրջ քննարկումները վերսկսելու մասին»։ Նրա կարծիքով՝ դատավարությունն ինքնին լիովին քաղաքական։
«Ինչ վերաբերում է դատավճռի հետևանքներին, ապա Վարդանյանը հստակորեն խորը դժգոհություն է առաջացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Որոշ առումով՝ դատապարտվածը տեսականորեն կարող է դիտվել որպես ներկայիս Հայաստանի կառավարության քաղաքական մրցակից: Հավանական չէ, որ Երևանն այս գործի վերաբերյալ կգնա պաշտոնական, չոր հայտարարություններից այն կողմ», – ենթադրել է վերլուծաբանը։
«Այնուամենայնիվ, հայկական սփյուռքը բավականին ազդեցիկ է Միացյալ Նահանգներում: Ի տարբերություն պաշտոնական Երևանի՝ այն շատ ավելի ներգրավված դիրքորոշում է զբաղեցնում Ղարաբաղի հարցում: Այս հարցը բարձրացրել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Ադրբեջան կատարած իր վերջին այցի ժամանակ: Հետևաբար, ես չեմ բացառում Բաքվի և Վաշինգտոնի միջև ապագայում համաձայնությունը Վարդանյանի և մի շարք այլ մեղադրյալների ազատ արձակման կամ փոխանակման վերաբերյալ՝ որպես որևէ գործարքի մաս»,- նշել է քաղաքագետը։
Փորձագետ Նիկոլայ Սիլաևը համարում է, որ Վարդանյանին ցմահ ազատազրկման փոխարեն 20 տարվա ազատազրկման դատապարտելով՝ Բաքուն փորձեց ստեղծել կառուցողական դատավարության պատրանք։
«Ընդհանուր առմամբ՝ դատավճիռը խորհրդանշում է Բաքվի ցանկությունը՝ ջնջելու այն հիշողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբևէ գոյություն է ունեցել», – նշել է նա։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը Коммерсантъ-ի հետ զրույցում նշել է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանությունը կօգտագործի բոլոր հասանելի միջոցները՝ դատավճիռը բողոքարկելու համար՝ թե՛ Ադրբեջանի ներսում, թե՛ միջազգային դատարաններում։ «Մենք նաև կձգտենք դատավարության և տեղի ունեցած խախտումների շարունակական միջազգային վերահսկողությանը», – նշել է նա։
Независимая Газета-ն գրել է, որ մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մնացել է երեք ամսից մի փոքր ավելի։ Երկրի հիմնական քաղաքական ուժերը սկսել են առաջադրել իրենց թեկնածուներին ոչ միայն խորհրդարանի, այլև վարչապետի պաշտոնի համար։ Նրանց թվում գործնականում նոր դեմքեր չկան։ Մինչդեռ ընտրողները սպասում են քաղաքական գործիչների, որոնք կապված չեն ոչ նախկին, ոչ էլ ներկայիս կառավարությունների հետ։ Միևնույն ժամանակ՝ ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար և «Ապրելու երկիր» կուսակցության հետ կապված Ռուբեն Վարդանյանը հունվարի 17-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։


