Հունաստանը կֆինանսավորի բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ֆոնդին, կեցությանն առնչվող ծրագիր․ ԱԳ նախարար
Հայաստանը Եվրոպայի կարևոր մի մասն է, շատ բան կարող ենք անել ԵՄ-ՀՀ հարաբերությունների ուղղությամբ։ Հավատում ենք, որ հայ ժողովրդի բարգավաճումը կարող է միայն Եվրոպայի հետ լինել․ այս մասին այսօր ՀՀ-ի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը։
«Հայաստանի հետ մենք համագործակցում ենք սերտորեն և կառուցողական հիմքերով, թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ մեկտեղ։ Մենք պատրաստակամ կլինենք սատարելու ՀՀ կառավարությանը և ՀՀ ժողովրդին։ Կարծում եմ՝ հույժ կարևոր է, որ շարունակաբար շեշտադրենք Հայաստանի մասին եվրոպական տեսակետը։ Սա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի ապագայի՝ նպաստելու հայ ժողովրդի բարեկեցության աճին, սա կարևոր է Եվրպայի համար։ Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու բռնի տեղահանված արցախահայերին։ Դա, մասնավորպես, վերաբերում է բնակարանային ֆոնդին, կեցությանը»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը։
Յորղոս Գերապետրիտիսն ընդգծել է, որ հույժ կարևոր են մշակութային վայրերի պահպանությանն ուղղած քայլերը։
«Մենք արշավ ենք կազմակերպելու ոչ միայն ԵՄ-ի ինստիտուտների հետ, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի։ Մենք կողմ ենք, որ ԼՂ-ում պետք է պահպանվեն քրիստոնեական կառույցները, և ուզում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը տեղում լինի՝ բացահայտելու վնասները։ Մենք հավատում ենք, որ հայ ժողովրդի բարգավաճումը կարող է միայն Եվրոպայի հետ լինել»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը։