18 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի արտգործնախարարը՝ հայ-թուրքական հարաբերությունների և «3+3» ձևաչափի մասին

Թուրքիայի արտգործնախարարը՝ հայ-թուրքական հարաբերությունների և «3+3» ձևաչափի մասին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա կատարած այցի ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ ակտիվացնելու «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը, որը ներառում է Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և Վրաստանը։

Ֆիդանի խոսքով՝ այս հարթակը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային համագործակցության խորացման համար։

«Մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, պետք է գիտակցենք, որ մրցակցության և գերիշխանություն հաստատելու ձգտումների փոխարեն անհրաժեշտ է առաջնահերթ դարձնել համագործակցությունը։ Տեսնում ենք, որ այս մոտեցումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների համատեքստում աստիճանաբար ձևավորվում է։ Նույն տեսլականով կարող ենք ամրապնդել մեր տնտեսությունները և բարձրացնել կայունությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Պետք է հրաժարվել գերիշխանություն հաստատելու փորձերից։ Խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը բխում են բոլորիս շահերից։ Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը»,- ասել է նա։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ «3+3» ձևաչափը կարող է նպաստել Կովկասում կարևոր համագործակցային ծրագրերի իրականացմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ գործընթացի ճանապարհին առկա են խոչընդոտներ, իսկ որոշ երկրների միջև փոխադարձ անվստահությունը դեռևս լուրջ մակարդակի վրա է։

Ֆիդանը նաև անդրադարձել է վերջերս կայացած Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ հանդիպմանը՝ նշելով, որ հատկապես կապուղիների և տրանսպորտային փոխկապակցվածության ոլորտում հնարավոր է առաջընթաց արձանագրել։

«Քննարկվել են Միջին միջանցքի՝ դեպի Թուրքիա միացման հարցերը։ Մենք հավատում ենք, որ այս ուղղությամբ հնարավոր է կարևոր քայլեր իրականացնել»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ֆիդանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կամքի շնորհիվ արդեն իրականացվել են մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ ավիաչվերթների և առևտրային կապերի ոլորտներում։

«Նոր փուլում անելիքները հստակ են։ Մենք պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանը, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները ձևավորվեն»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026