Ակնկալել, որ ինչ որ թղթի միջոցով խաղաղություն կլինի ՝ անիրատեսական է․ քաղաքագետ
Իրական խաղաղության պայմանագիր ակնկալել այս պահին անիրատեսական է, որովհետև Ադրբեջանը ամեն ինչ արել է, որպեսզի այդ հնարավոր փաստաթուղթը լինի անառարկայական․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը, մասնավորապես ընդգծելով, որ, եթե խոսում ենք իսկական խաղաղության մասին, ապա պայմանագրերով ու փաստաթղթերով չէ, որ պետք է որոշվի։
«Խաղաղության ապահովման համար փաստաթուղթն ամենավերջին նշանակություն ունի։ Առաջին քայլը ուժերի բալանսն է, երկրորդը՝ պետությունների միջև տնտեսական փոխկապվածություն ու փոխկախվածությունը, երրորդը՝ կառավարվող էլիտաների կողմից խաղաղության քաղաքականությունը։ Սակայն այս երեք բաղադրիչներից ոչ մեկ չկա, հետևաբար ակնկալել, որ ինչ որ թղթի միջոցով խաղաղություն կլինի ՝ անիրատեսական է»,- նշեց Գալստյանը։
Խոսելով Ալիևի վերջին հայտարարությունների մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ այն կետերը, որոնց շուրջ իբր պայմանավորվածություն կա, անգամ դրանք են կասկածի տակ։
«Մենք գիտենք արդեն, որ Ալիևը հայտարարել է՝ զորքերի հայելային ետքաշում չլինելու և Զանգեզուրի միջանցքի անարգել անցման մասին»,- ասեց նա, և ավելացրեց՝ Ալիևը փառասեր մարդ է, և,եթե նախընտրական խոստում է տվել, որ անելու է մի բան, ապա, իր փառքից ելնելով, անելու է, իսկ Հայաստանի իշխանություները թշնամուն խաղաղեցնելու նպատակով գնալու են զիջումների, որոնց արդյունքում տուժելու է մեր անվտանգությունը։