
Ըստ ՔԿ-ի՝ կալանավորված 18-ամյա աշակերտի գործով քննիչը ծառայողական կարգ է խախտել
ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Հակոբ Հակոբկոխյանի աշխատանքային գործության որոշ դրվագների մասով ՔԿ-ի Ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն․ տեղեկացնում են Քննչականից։
«Ներքին քննություն է սկսվել՝ պարզելու խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել թույլատրելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման, այն է՝ զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկման դրվագների մասով։
Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ արդեն պաշտոնաթող քննիչը խորհրդային հայտնի մարզիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին է։


