
Թել Ավիվը պատասխանում է Թուրքիային և հարվածում Փաշինյանին․ միջազգային մամուլը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին
Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միաձայն որոշումն արժանի է երախտագիտության։ Միգուցե միայն Թուրքիայի կողմից ճանաչումն ավելի մեծ խորհրդանշական կշիռ կունենար․ այս մասին The Jerusalem Post-ում գրել է ԱՄՆ-ում և Մեքսիկայում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ նախկին փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը։
«Իսրայելը այս հարցում պարզապես ևս մեկ երկիր չէ։ Այն հրեա ժողովրդի պետությունն է, որը հիմնադրվել է աղետի ստվերում և կառուցված է այն հրամայականի վրա, որ ժխտմանը երբեք չպետք է թույլ տրվի գերակշռել»,-գրել է Հովհաննիսյանը։
Ըստ հեղինակի՝ այս համատեքստում՝ Իսրայելի կողմից հստակ և բարձրաձայն ճանաչումը խաղաղության դեմ ուղղված ժեստ չէ։ Այն պաշտպանություն է ինքնության, հիշողության և բարոյական ճշմարտության զիջման վրա կառուցված պարտադրված խաղաղության դեմ։ Հայաստանը, մեծ դժվարություններին հակառակ, ձգտում է կայուն և արժանապատիվ խաղաղության իր զավակների համար։ Սակայն խաղաղությունը չի ամրապնդվում վիրավորներից լռություն պահանջելով։ Այն ամրապնդվում է, երբ ճշմարտությունը ճանաչվում է, և հիշողությանը թույլատրվում է գոյատևել։
Middle East Eye-ը գրել է, որ Ադրբեջանն ու Իսրայելը սերտ կապեր ունեն, և Բաքուն Իսրայելի խոշոր նավթ մատակարարներից մեկն է, մինչդեռ Իսրայելը ժամանակակից զենք է վաճառում Ադրբեջանի կառավարությանը: Իսրայելի հարցերով մասնագիտացած գիտնական Դունյա Բասոլը նշել է, որ Ադրբեջանը կարող է փորձել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Քնեսեթի մակարդակով բանաձևին խոչընդոտելու համար։
«Զարմանալի է նաև, որ Իսրայելի Քնեսեթը անտեսում է Ադրբեջանի զգայունությունն այս հարցում և ենթադրում, որ Ադրբեջան-Թուրքիա դաշինքը սովորական դաշինք է», – նշել է նա։
Московский Комсомолец-ը գրել է, որ Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, Թել Ավիվի և Անկարայի միջև վատթարացող հարաբերությունների ֆոնին, կարող էր արտաքին քաղաքականության հաղթանակ լինել Հայաստանի համար, եթե չլիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ով համաձայնվում է մոռացության մատնել մարդկության դեմ այս հանցագործությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անվան տակ:
Հայաստանի վարչապետը, հավանաբար, այդքան էլ գոհ չէ: Կարելի է ասել, որ Իսրայելը նրան հարված է հասցրել, քանի որ Փաշինյանը պնդում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չէ:
Извесия-ն գրել է, որ Իսրայելի կառավարությունն ընդունել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Հարցը այժմ պետք է քննարկվի երկրի խորհրդարանի կողմից: Այսպիսով՝ Թել Ավիվը պատասխանում է Թուրքիային, որը մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար:


