
Աշոտ Դանիելյանը հրաժարական է տվել Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել է հրաժարականի մասին։
Նա նշել է, որ պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ ոչ թե անձնական կամ քաղաքական նպատակներով, այլ Արցախի պետական ինստիտուտների շարունակականությունն ու ժողովրդի իրավունքների պաշտպանությունը պահպանելու պատասխանատվությամբ։
Հայտարարության համաձայն՝ հրաժարականի որոշման վրա ազդել են վերջին շրջանում իր անձի շուրջ ձևավորված անհիմն մեղադրանքներն ու արհեստական քննարկումները, որոնք, նրա գնահատմամբ, կարող էին վնասել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և Ազգային ժողովի հեղինակությանը։
Նա ընդգծել է, որ հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախի, արցախահայության իրավունքների պաշտպանության կամ ազգային պայքարից՝ շեշտելով, որ շարունակելու է ծառայել այդ նպատակներին նաև պաշտոնից դուրս։
«Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի դեռ կա իր հայրենիքի նկատմամբ իրավունք ունեցող ժողովուրդ, քանի դեռ կա վերադարձի պահանջ, և քանի դեռ մեր զոհված հերոսների հիշատակը մեզ պարտավորեցնում է չհանձնվել։ Համոզված եմ, որ Ազգային ժողովը և բոլոր պետական կառույցները կշարունակեն իրենց գործունեությունը՝ անսասան մնալով մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազգային նպատակների իրագործման ճանապարհին», – հավելել է Դանիելյանը


