
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀԱՊԿ-ի և Արցախի վերաբերյալ Զախարովայի հայտարարություններին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունները հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ «Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։
«Այս առումով՝ անհրաժեշտ է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններում առկա հարցերը մեկնաբանել Ադրբեջանի տեսանկյունից», – նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հուլիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով Գվարդեյսկի երիտասարդական ֆորումում, հայտարարել է. «Կար մի պատմություն Հայաստանի հետ, որտեղ ասվում էր. «Եկեք, օգտագործենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում ո՞ւմ և ինչի՞ հետ կապված։ Այդ տարածքի՝ Ղարաբաղի, որը Հայաստանն ինքը չէր ճանաչում ո՛չ որպես իր սեփական, ո՛չ էլ անկախ։ Նման պայմաններում ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության մեխանիզմի կիրառումը անհնար էր»։


