
Հաջիևն ազդարարել է Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի մեկնարկի մասին
«Մենք սպասում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունից կհեռացվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ սահմանող դրույթը», – այս մասին Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։
«Շուտով Հայաստանում կսկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Սրանք այն ազդանշաններն են, որոնք մենք ստանում ենք։ Հնարավոր է հանրաքվե անցկացվի։ Ադրբեջանի նկատմամբ նախաբանում նշված տարածքային պահանջները Հայաստանի Սահմանադրությունից հանելուց հետո մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար», – ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում արդեն իսկ հաստատվել է փաստացի խաղաղություն։


