19 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իմացե՛ք, չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորն իմանան․ Դավիթ Բաբայանի ուղերձն ադրբեջանական բանտից

Իմացե՛ք, չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորն իմանան․ Դավիթ Բաբայանի ուղերձն ադրբեջանական բանտից

Մեր դատավարությունը թատրոն էր, որի սցենարը գրված էր նախօրոք․ ասվում է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանական բանտից հղած ուղերձում։

Ներկայացնում ենք ուղերձից մի հատված․

«Այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում, որ մեր գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է, և որևէ ապացույց չկա։ Եվ իսկապես դա այդպես է։ Բերեմ մի կոնկրետ օրինակ, մասնավորապես՝ ինձ ցմահ են նշանակել մի հոդվածով, ըստ որի՝ ես փորձել եմ տապալել Ադրբեջանի իշխանությունը, զավթել իշխանությունն այս երկրում, սահմանադրությունը տապալել և այլն։ Հիմա ես հարց եմ տվել  քննարկումների ժամանակ՝ արդյո՞ք կա որևէ ապացույց, որ ես, լինելով այստեղ, մասնակցել եմ ձեր իշխանության համար պայքարին, եթե այդպես է, ուրեմն պիտի ամբողջ երկրով մեկ ունենայի համախոհներ, ինչ-որ կազմակերպության բջիջներ և այլն։ Իհարկե, որևէ պատասխան չկա․․․

Ես շնորհակալություն եմ հայտնել նման որակի և քանակի սխալների համար, որովհետև սա մեզ համար շատ կարևոր է, և դա կնպաստի նաև արդարության վերականգնմանը, քանի որ միջազգային դատարանում այս ամենը մենք կներկայացնենք։

Բավական հատկանշական է, որ նաև ապացույցների տեղն օգտագործում են փոխարինիչներ, այն է՝ ստեր, կեղծիքներ և այլն։ Ավելին, այդ կեղծիքները, ստերը զետեղում են իրենց արխիվներում, նույնիսկ երբ մենք փորձել ենք տեսնել գրառումները, բոլոր այդ ամենը, ինչ խոսել ենք, ինչպես է զետեղված իրենց փաստաթղթերում, տեսել ենք, որ մեր ասածն ընդհանրապես չեն էլ ներառում, կամ լավագույն դեպքում ներառում են խիստ կրճատված կամ աղավաղված։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավական ապարտեիդ․․․

Ու այն, որ առողջականիս հետ խնդիր կա, ես նաև բարձրաձայնել եմ դատարանում, և խնդրել եմ, որ այդ ամենն արձանագրվի: Իհարկե, կասկածում եմ, հասկանալի է, որ իրենք չեն ուզի, որ հատկապես ես գնամ միջազգային դատարան: Եվ ասեմ, որ միայն ինձ մոտ չեն առողջական խնդիրներ: Մի շարք մեր ընկերների մոտ իրոք լուրջ առողջական խնդիրներ կան․․․ 

Չնայած խնդիր կա առողջական, մենք պայքարում ենք այս չար աշխարհում արդարության և ազատության համար, մարդու իրավունքների համար, իսկ դա հենց այնպես չի լինում։ Մի բան է, իհարկե, կանգնել, կանգնած պայքարել, կանգնել ի պաշտպանություն արդարության աշխարհով մեկ, մեկ այլ բան է, իհարկե, նստել դրա համար, բայց իմացե՛ք, չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորն իմանան։

Մնացածն ամեն ինչ նորմալ է, պի՛նդ եղեք, թանկագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դեռ սպասվում են ծանր, դժբախտաբար, երևույթներ, չեմ ուզում այստեղից դա ասեմ։ Պի՛նդ եղեք, եթե մենք դարձի գանք, ամեն ինչ պետք է որ նորմալ լինի»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026