
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել և չկանխորոշել կազմակերպությունից ՀՀ-ի դուրս գալու հետ կապված իրադարձությունները
Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քննարկումներին, բայց դե յուրե անդամ է. ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաաթբեկ Մասադիկովը։
«Գիտեք՝ մենք այս հարցը քննարկում ենք երկար ժամանակ։ Դե ֆակտո Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին։ Դե ֆակտո Հայաստանն իր աշխատակիցներին, զինվորականներին կամ ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին չի ուղարկում քվոտային պաշտոնների, և արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանը չի վճարել անդամակցության վճարները։ Բայց դե յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ», – նշել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանը զգալի ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, և հայ ժողովուրդը տարբեր ժամանակներում աջակցել է երկրի ղեկավարության բոլոր նախաձեռնություններին։
Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու որոշումը երկրների գերագույն հրամանատարների իրավասությունն է, բայց բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնվեն։
«Բայց ես կարծում եմ, որ որոշումներ կայացնելիս միշտ պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու գործոնները։ Արդյոք այս հարցը լրջորեն կքննարկվի՞ այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստում, նույնպես հարց է. դա պետությունների ղեկավարների որոշումն է: Եկեք չշտապենք [իրադարձությունների առումով]», – նշել է նա։
Մասադիկովի խոսքով՝ եթե Հայաստանի ղեկավարությունը, «այս դեպքում՝ վարչապետ Փաշինյանը, հայտարարել է դա, ապա, հավանաբար, կան տարբեր օրակարգեր»:
Անիմաստ է կանխորոշել Երևանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու արդյունքը, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա նաև հայ ժողովրդի կարծիքը։


