
Թրամփի աջակիցը խաղադրույք է կատարում հայկական պղնձի վրա՝ ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ազդեցության ընդլայնման ֆոնին․ Bloomberg
Խորհրդային միությունում ծնված, ԱՄՆ-ում գործունեություն ծավալող ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որ կապեր ունի նախագահ Թրամփի վարչակազմի հետ, ծրագրում է ընդլայնել պղնձի արդյունահանման ոլորտում իր ներդրումները Հայաստանում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հուշագիրը տարածաշրջանի համար բացառիկ, փոխակերպող նշանակություն ունեցող իրադարձություն է», - Bloomberg-ի հետ զրույցում նշել է Կոնստանտին Սոկոլովը։ Հիշեցնենք․ նա սեպտեմբերին ձեռք է բերել Հայաստանի պղինձ արտադրող երկրորդ խոշորագույն ընկերությունը։
«Ես մեծ հետաքրքրություն ունեմ ընդլայնելու գործունեությունս ամբողջ տարածաշրջանում, քանի որ խորապես հավատում եմ դրա ընդհանուր ներուժին», - հայտարարել է ներդրողը։
Նա խոսել է նաև «Թրամփի երթուղու» մասին։ Ինչպես գրում է գործակալությունը, TRIPP միջանցքը համատեղ կկառավարվի Հայաստանի և ամերիկյան ընկերության կողմից։ Այս նախաձեռնությունը տեղավորվում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ազդեցության ընդլայնման ռազմավարության մեջ, որն իրականացվում է առևտրի խթանման, կարևորագույն հանքանյութերին հասանելիության ապահովման և տնտեսական կապերի հաստատման միջոցով այն տարածաշրջաններում, որտեղ երկար ժամանակ գերիշխող դիրք են ունեցել Ռուսաստանն ու Չինաստանը։
Այս ամիս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գլխավորելու է պատվիրակություն՝ բաղկացած տասնյակ ամերիկյան ընկերություններից, որը կայցելի Ուզբեկստան։ Այնտեղ նախատեսվում են հանդիպումներ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի գործարար շրջանակների ու պաշտոնյաների հետ՝ առևտրային կապերն աշխուժացնելու նպատակով։
Պղինձ արտադրող «Թեղուտ» ՓԲԸ-ի ձեռքբերումը Սոկոլովի կողմից համահունչ է ԱՄՆ-ի նախաձեռնություններին, և նա հանդես է գալիս որպես մի գործիչ, որը կապված է տարածաշրջանում Թրամփի վարչակազմի գործունեության հետ։
51-ամյա գործարարն այս տարի ստանձնել է «Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի» (Transcaspian Enterprise Fund) նախագահի պաշտոնը։ Սա ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ոչ առևտրային ներդրումային կառույց է, որի նպատակն է մասնավոր կապիտալ ներգրավել ենթակառուցվածքային և բիզնես նախագծերում։
ԱՄՆ կառավարության տրամադրած 201 միլիոն դոլար ֆինանսավորմամբ՝ հիմնադրամը կկենտրոնանա TRIPP-ի և, ավելի լայն իմաստով, Անդրկասպյան առևտրային միջանցքի զարգացման վրա՝ ընդգրկելով Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Կենտրոնական Ասիայի բոլոր 5 պետությունները։ Սոկոլովի խոսքով՝ ինքը և խորհրդի մյուս անդամներն իրենց գործունեության դիմաց որևէ վարձատրություն չեն ստանում։ Հիմնադրամի ղեկավար կազմն ընտրվել է՝ հաշվի առնելով մասնավոր կապիտալի ոլորտում նրանց ունեցած փորձը, ինչպես նաև տարածաշրջանի և այն ոլորտների վերաբերյալ իմացությունը, որտեղ նախատեսվում է ներդրումներ կատարել։
Սոկոլովը պատմել է, որ մոտ 3,1 միլիոն բնակչություն ունեցող այս երկրում հնարավորություններ սկսել է նկատել դեռևս 2021 թվականի վերջին՝ համոզված լինելով, որ երկիրը կանգնած է տնտեսական թռիչքի շեմին։ Սոկոլովը «Թեղուտ»-ը Մոսկվայում տեղակայված «ՎՏԲ Բանկ»-ից (VTB Bank PJSC) ձեռք բերելու համար մրցակցում էր ռուսական և չինական ընկերությունների հետ, սակայն, ըստ նրա, իր ընկերությունը հաղթող ճանաչվեց՝ առաջարկելով 228,5 միլիոն դոլար։ Նա ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակից (OFAC) թույլտվություն է ստացել՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկից հանքավայրը գնելու համար։
«Թեղուտ»-ն ունի տարեկան մոտ 80.000 տոննա խտանյութ արտադրելու հզորություն։ Արտադրանքի մեծ մասը մինչ այժմ վաճառվել է Չինաստանին։ Սոկոլովը նախատեսում է դեկտեմբերին գործող պայմանագրի ավարտից հետո, նոր առևտրային պայմանագրերի միջոցով, արտադրանքի արտահանումն ուղղել դեպի ԱՄՆ։
«Այս գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կարևորագույն հանքային ռեսուրսներն ԱՄՆ-ի մատակարարման շղթաների համար հասանելի դարձնելն էր»,- նշել է նա։
Սոկոլովը նախատեսում է տարեկան արտադրությունը հասցնել 120.000–130.000 տոննա պղնձի խտանյութի, որը կպարունակի մոտ 26.000–28.000 տոննա պղինձ։ Նրա խոսքով՝ նոր հզորությունները նախատեսվում է գործարկել 2030 թվականին, իսկ լիարժեք արտադրական ծավալների հասնել՝ 2031 թվականին։
Գործարարը նշել է, որ դիտարկում է նախագծեր, որոնք կապված են տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքների հետ, մասնավորապես՝ էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, էլեկտրաէներգիայի արտադրության և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում։


