19 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ցավը զգում եմ, բայց բառերը չեմ հասկանում»․ հանդիպում` Սասունում ապրող հայերի հետ

«Ցավը զգում եմ, բայց բառերը չեմ հասկանում»․ հանդիպում` Սասունում ապրող հայերի հետ

Լուսադեմ 05։00-ին նստեցինք մեքենան ու հասանք վրաց-թուրքական սահման։ Հետո թուրք վարորդը մեզ էրգրում պտույտի տարավ։ Գնում էինք իրեն շատ ծանոթ, մեզ անծանոթ, բայց անբացատրելիորեն հարազատ ճանապարհով։

Շատ գնացինք, թե քիչ, չէի հաշվում․ միայն զգում էի՝ ինչքան ավելի նախշուն է դառնում էրգիրը, երբ անձրևից հետո արևի շողերը ցրում են սպիտակ ամպերն ու բացում կապո՜ւյտ-կապո՜ւյտ երկինքը։

«Սասունի լեռները անձրևով մաքրվեցին, որ ավելի սիրուն փայլեն մեզ համար»,- վստահ է սասունցի Մանանը։

Հասանք։ Մի տղամարդ բարձրացավ մեքենան։

«Տիգրանն է մեր, այստեղ իր հետ ենք շրջելու»,- ասաց Սոֆիան։

Տիգրանը ժպտացող հայացքով մեզ էր նայում։ Նրա հետ դեռ երկար ճանապարհ պիտի գնայինք Սասունի նեղլիկ ու քարքարոտ ուղիներով։

Ովքեր դեռ կասկածում են, ասեմ, ճիշտ եք հասկացել․ Տիգրանը Սասունում ապրող հայ ընտանիքներից մեկի զավակն է` չորս հայ երեխաների հայրը։ Նա մեզ իր հայրիկի մոտ տարավ։ Հասանք արհեստանոց, որի չորս կողմերում թուրքերեն ինչ-որ բաներ էին գրված։ Արհեստանոցում Տիգրանի հայրը մի քանի տղամարդկանց հետ նստած էր։ Նա կենտրոնում էր, մյուսները` շուրջը։ Տպավորություն է, թե մյուսները սպասում էին ինչ-որ հրահանգ, առաջադրանք ստանալուն և կատարելուն։

Հետո առանձնացանք արհեստանոցի կից աշխատասենյակում։ Նրա ձայնի ուրախ ելևէջները, մի քիչ շփոթված լինելն ու մեզ մի ուրիշ, ջերմ աչքով նայելը այնքան հարցերի պատասխաններ էր տալիս։ Կանգնեց աշխատասեղանի մոտ, որտեղ մեր խմբի անդամներից Աշոտը միացրեց իր սասունցի պապի երգի ձայնագրությունը։ Մեզ հյուրընկալած սասունցի ծերունին աչքերը փակել ու լսում էր։ Փշաքաղվելու տեսարան էր։

«Էս երգը մտնում է հոգուս խորքը, ցավը զգում եմ, բայց բառերը չեմ հասկանում»,- թարգմանեց Սոֆիան։

Երեք լեզու գիտի Սասունում ապրող այս հայ ծերունին․ քրդերեն, թուրքերեն ու արաբերեն, բայց մենք իրար հետ խոսելու լեզու չունեինք։ Նա 7 երեխա ունի։ Ու միշտ կարևորել է շատ երեխաներ ունենալը։ Օրինակ որդին՝ Տիգրանը, արդեն 4 երեխա ունի։ Չէ, ի՞նչ արդեն, դեռ 4 երեխա ունի։ Մեր հայացքներն ու խոսակցությունը կիսատ մնացին.«Քանի անձրև չի եկել, գնանք, էլի կգանք պապիին տեսնելու»։

Ծերունուն էլ չտեսանք։ Մեր վերադարձի ժամին նամազի էր։

Հնագույն վանքերից մեկը՝ Սուրբ Աստվածածին էինք գնում։ Վարորդը Տիգրանն էր։ Ես փոքրիկ հայելիով նայում էի նրա դեմքին․ աչքերին, աչքերի տակ առաջացած ծալքերին․.. ականջներին էլ եմ նայել։ Դե ուզում էի հասկանալ՝ Սասունում մնացած հայերը ի՞նչ նմանություն ունեն Սասունից դուրս եկած հայերի հետ։ Երբ հայերեն երգ միացրինք, դեմքը ամբողջությամբ փոխվեց․ պայծառացավ։ Մենք՝ երգել չիմացողներս, «երգում էիք», ու անգամ այդ չստացված համույթից հնչող ձայներն էր հրճվանք պատճառում նրան ու մեզ։

«Քիլիսա»,- ասաց` մատնացույց անելով ճանապարհից վերև գտնվող տարածքը։ Ասում էր՝ եկեղեցի կար նաև այնտեղ։

«Ցավը զգում եմ, բայց բառերը չեմ հասկանում»․ հանդիպում` Սասունում ապրող հայերի հետ«Ցավը զգում եմ, բայց բառերը չեմ հասկանում»․ հանդիպում` Սասունում ապրող հայերի հետ

Մինչ Սուրբ Աստվածածին հասնելը մի քիչ քայլելու ճանապարհ կար, իսկ ճանապարհին՝ բարիքներ․ Տիգրանի քաղած մոշը, տանձն ու ընկույզը։

«Ցավը զգում եմ, բայց բառերը չեմ հասկանում»․ հանդիպում` Սասունում ապրող հայերի հետ

4-5-րդ դարերին թվագրվող եկեղեցու մոտ որոշեցինք վերջապես խոսել ու հասկանալ իրար։ Սկսեցինք․ «Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե, Լե, լե, լե մայրո»։

Երբ մի քիչ ավելի ոգևորվեցինք, նաև «Հե՜յ-հե՜յ» էինք ասում։ Մեր պարից աշխարհը ոչինչ չհասկացավ։ Մենք հասկացանք, որ մի կապ կա մեր ու Տիգրանի միջև, մի կոդ, որ թույլ է տալիս հասկանալ իրար թեկուզ առանց բառերի ․․․ «Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ, խորոտիկ Մայրո»։

Անկուշտի պես պարում է   ինք, րոպե առ րոպե ավելի ամուր սեղմում ձեռքերը։ Գիտակցում էինք, որ շուտով կավարտվի «Լեյլըմ լե լեն» ու մենք նորից կլռենք։ Ինչքան կարող էինք ձգեցինք չլռելու պահը ․․․ բայց ես վստահ եմ, որ մինչև հիմա մենք խոսում ենք Տիգրանի ու Սասունում ապրող հայերի հետ։

Անի Աբաղյան

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ