21 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞ր հարցերում է Հայաստանի համաձայնությունը պարտադիր լինելու. Միրզոյանը՝ TRIPP-ի համաձայնագրի մասին

Ո՞ր հարցերում է Հայաստանի համաձայնությունը պարտադիր լինելու. Միրզոյանը՝ TRIPP-ի համաձայնագրի մասին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։ 

Օրակարգում է նաև Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման հարցը։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով համաձայնագիրը, նշել է, որ դրանում «ինքնիշխանություն» բառը կիրառված է ութ անգամ։

«Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը իր սահմանների և մաքսային գործառույթների նկատմամբ և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք»,- ասել է Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է պատասխանատու լինել անվտանգության, իրավապահ գործունեության, սահմանային անվտանգության, ինչպես նաև մաքսային և միգրացիոն հսկողության համար։

Միաժամանակ, ենթակառուցվածքներով անցնող քաղաքացիների և բեռների սպասարկումը կարող է կազմակերպվել «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» սկզբունքով։ Ըստ նախարարի՝ որոշ ծառայություններ կարող են պատվիրակվել մասնավոր օպերատորներին, իսկ ընկերությունը կարող է ունենալ նաև անվտանգային ստորաբաժանումներ, որոնք պետք է լիցենզավորված լինեն Հայաստանում։

Անդրադառնալով ընկերության կառավարմանն ու որոշումների ընդունման կարգին՝ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի համաձայնությունը մի շարք հարցերում պարտադիր է լինելու՝ անկախ ունեցած 26 տոկոս բաժնեմասից։

Նրա խոսքով՝ «ԹՐԻՓ զարգացման ընկերությունում» ամերիկյան կողմը չի ունենա երկու երրորդ բաժնեմասը։ Հայաստանի համաձայնությունը կպահանջվի ընկերության նկատմամբ վերահսկողության փոփոխության, բաժնեմասերի վաճառքի, օտարման, փոխանցման կամ նվիրատվության, խոշոր ֆինանսական և պայմանագրային գործարքների, կոնցեսիոն պայմանների հաստատման, ինչպես նաև դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպությունների ստեղծման դեպքում։

Միրզոյանի ներկայացմամբ՝ առանց Հայաստանի համաձայնության ամերիկյան կողմը չի կարող իր 74 տոկոս բաժնեմասի նույնիսկ մեկ տոկոսը նվիրել որևէ անհատի կամ երկրի։ Համաձայնությունը պարտադիր կլինի նաև ազգային անվտանգության և քաղաքական նշանակության մի շարք հարցերում։

Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել և կառավարել տարբեր ենթակառուցվածքներ՝ երկաթուղիներ, էլեկտրական ցանցեր, նավթամուղներ, գազամուղներ, ավտոճանապարհներ և այլ հաղորդակցուղիներ։ Դրանցից յուրաքանչյուրի իրականացման համար կստեղծվի առանձին դուստր կամ հատուկ նշանակության կազմակերպություն։

Համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նախագծի համար նախատեսված հողամասերի սեփականության կարգավիճակը կարգավորելու և դրանք ծանրաբեռնվածություններից ու երրորդ անձանց իրավունքներից ազատելու ուղղությամբ։ Հողօգտագործման և կառուցապատման իրավունքների փոխանցման հետ կապված ֆինանսական ծախսերը նույնպես կկրի Հայաստանը։

Օրինակ՝ եթե նախագծի համար ընտրված տարածքում կա մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտոր, Հայաստանը կարող է այն ձեռք բերել սեփականատիրոջից և հողօգտագործման իրավունքը տրամադրել «ԹՐԻՓ զարգացման ընկերությանը»։

Միրզոյանի խոսքով՝ արդեն ընթանում է նախագծի տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրությունը։ Դրա արագ գործարկման նպատակով որոշ աշխատանքներ կարող են իրականացվել մինչև բաժնային ընկերության հիմնադրումն ու կանոնադրության հաստատումը։ Այդ աշխատանքները, օրինակ՝ տարածքի մաքրումը, հետագայում կարող են հաշվառվել որպես Հայաստանի ներդրում և փոխանցվել ընկերությանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ