27 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավ մտավորականներ շատ կան, բայց մտավորականություն չունենք, պետական միջամտություն է պետք. Արման Նավասարդյան

Լավ մտավորականներ շատ կան, բայց մտավորականություն չունենք, պետական միջամտություն է պետք. Արման Նավասարդյան

ABC ինտերվյուի հյուրն այս անգամ Արման Նավասարդյանն է, ում մանկությունն անցել է պատերազմի թոհուբոհի մեջ: Պատերազմի դեմքն ու գույնը լավ ճանաչող դերասանի կարծիքով՝ ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի, 44-օրյա պատերազմը մեզ ոչ ուժ տվեց, ոչ բարոյականություն․․․ Դերասանը վրդովված է թատրոնների նկատմամբ տարվող քաղաքականությունից։ Նրա կարծիքով՝ թատրոնը կենդանի օրգանիզմ է, իսկ այն փակելը մարդասպանությանն է հավասարազոր․․․

Երբ նոր էիք այս ուղին ընտրել, Ձեր երազանքները մինչև ու՞ր էին հասնում մինչև Հոլիվուդ, մինչև Մոսկվա, թե՞ դրանք ամեն դեպքում դերերով էին չափվում և երազում էիք խաղալ որևէ հայտնի պիեսում։

-Մինչև հիմա էլ հասնում են, այնպես չի, որ դադարել են։ Բայց դրանք թաքուն բաներ են, չեմ ուզում դրանց մասին խոսել։

Բայց մի՞թե սկզբում և հիմա դրանք նույնն են, չէ՞ որ պատանեկության ընթացքում երազանքներն այլ են:

-Ես միշտ հետևում եմ այդ երազանքներին և ավելի հետ եմ գնում՝ դեպի մանկություն։ Իմ մտահորիզոնում այն երեխան է հայտնվում՝ որը, բնականաբար, երազանքներ ուներ: Հայրական տնից ճանապարհելուց հետո նա ինձ անընդհատ հետևում է։ Ես մտա այս մեծ աշխարհն ու փորձում եմ այստեղից իրականացնել նրա երազանքները։ Սա ես ասում եմ առանց որևէ ռոմանտիզմի և գեղարվեստական շեղվածության։ Ես ասում եմ այն, ինչ զգում եմ։ Հիմա փորձում եմ նրան՝ այն երեխային հաշվետու լինել։ Ես չեմ ուզում  նրանից ամաչել, նա իմ խիղճն է։ Այն երեխան, ով անցյալում իր կարճ շալվարով, հեռու-հեռու ատամներով ու մեծ ականջներով ինձ ձեռքով հաջող է արել (ես այդպիսին եմ եղել), այդ երեխայի առջև ես պատասխանատու եմ։

Այդ երեխան ճի՞շտ ընտրություն է արել, Ձեզ Ձեր տեղու՞մ եք զգում։

-Ինքն ինչ ընտրեր, ճիշտ կընտրեր։ Ես որքանով եմ ճիշտ անում նրա ուզածը, այլ հարց է․․․

Արցախի կորստից հետ բեմ բարձրանալու Ձեր մոտիվացիան, ո՞րն է։ Ի՞նչն է Ձեզ ստիպում նորից բեմ բարձրանալ։

-Եթե անկեղծ՝ չունեմ մոտիվացիա։ Չի մոտիվացնում ոչինչ։ Ես հիմա ինչ-որ անում եմ՝ անում եմ, որովհետև պետք է անեմ, դրա համար ինձ աշխատավարձ են տալիս։ Ես թատրոնի աշխատող եմ, պայմանագիր ունեմ ստորագրած․․․ Որևէ ոգևորություն չունեմ, ոչ նկարվելու, ոչ խաղալու։

Իսկ եթե այնպիսի պիես լիներ, որն այսօրվա իրականության հետ որևէ աղերս ունի, ոգևորությա՞մբ կխաղայիք։

-Կա այդպիսի գործ, ցավոք սրտի դա էլ Հայաստանում չի։ Գուցե և ավելի լավ, որ Հայաստանում չի, որովհետև Սփյուռքի հայությանն է վերաբերվում: Ես ամիսը մի քանի անգամ՝ մեծ հաճույքով գնում եմ Մոսկվա ու խաղում եմ այդ ներկայացման մեջ. խոսքը այնտեղի հայկական «Գավիթ» թատրոնի մասին է: Ներկայացումը կոչվում է «Մեկը երկուսի համար»։ Եթե հարցնեք սա դերասան դարձավ ինչ-որ կարևոր բան արե՞ց իր կարիերայի ընթացքում, կասեմ այո՝  այդ դերը խաղաց։ Ուրիշ ոգևորող բան չունեմ, մանավանդ այստեղ, երբ ամեն ինչ փլուզվում ու քանդվում է, երբ փշրվում է ապագայի հանդեպ ցանկացած պատկերացում ու երազանք։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ դուք երեխա էիք, բայց գտնվում էիք այդ պատերազմի թոհուբոհի մեջ և իրապես գիտեք պատերազմն ինչ է: Արցախյան առաջին պատերազմն ու 44-օրյա պատերազմը համեմատու՞մ եք։

-Այդ պատերազմներն անհամեմատելի են․․․Իմ կարծիքով պատերազմը մեկն է՝ հայ-ադրբեջանական, ոչ թե արցախա-ադրբեջանական։ Գիտեք, գուցե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ են խնդիրներ եղել, որոնց մասին մենք չենք իմացել, բայց այս պատերազմը շատ ակնհայտ ձախողման տանող պատերազմ էր։ Մի բանը կարող է լինել անշնորհքի կողմից ղեկավարվող, երկրորդը կարող է անշնորհք կազմակերպված լինել, բայց համատարած՝ մեկը մյուսի հետևից տապալումներ, ձախողումներ… Սա ինձ համար արդեն քննարկման հարց էլ չի, որովհետև շատ բաներ արդեն պարզ են։ Երբ պետական մակարդակով հայտարարվում է, որ Արցախը Հայաստանի պետական բյուջեի առյուծի բաժինն է տանում, սրանից հետո այլևս ցանկացած քննարկում անիմաստ է: Էլ ի՞նչ իմաստ ունի քննարկել, թե պատերազմն ինչպես պարտվեցինք։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նպատակը միասնական էր՝ Արցախը միացնել Հայաստանին, իսկ 44-օրյայի ժամանակ արդյո՞ք Արցախը հայրենիքի մի մաս էր համարվում։

-Հենց դրանում է խնդիրը, արդյոք դա հայրենիքի մա՞ս էր շատերի համար։ Ինձ համար հայրենիքի մի մաս է․․․Ես Արցախում եմ ծառայել, իմ կյանքի երկու պատվաբեր տարիները կապված են Արցախի հետ։ Իմ կենսագրության, վառ, իմաստալից և նշանակալի տարիներն են այդ երկու տարին։ Ես չեմ կարող ցույց տալ այն վայրերը, որտեղ եղել եմ, և չեմ կարող հպարտանալ նրանցով…

Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ Հայաստանը դարձել է ֆեյքերի երկիր։ Այդ ֆեյքերի երկրում Ձեզ համար որևէ իրական բան մնացե՞լ է։

-Մենք կարող ենք պատնեշել մեզ, փակել մեզ, խցանել մեր ականջները և մնալ հեռախոսի մեջ ու հավատալ նրան՝ ինչ այնտեղ է կատարվում՝ վիրտուալ աշխարհում։ Մենք չենք սիրում շոշափել ճշմարտությունները։ Գուցե այդ չսիրելու պատճառներն էլ կան․ հոգնել ենք, այլևս չենք վստահում որևէ մեկին, ոչ մեկի չենք հավատում․․․Դուք նկատել եք, որ մենք ոչ մեկի չենք վստահում, ես էլ չեմ վստահում․․․

-Այսօր հասարակությունը կարծես 2 մասի է բաժանվել մի մասն ասում է, որ երկրում ամեն ինչ հրաշալի է, փառատոնների է մասնակցում, իսկ մյուս մասը համաձայն չէ և կարծում է, որ մենք վտանագավոր ճանապարհով ենք գնում։ Ձեր կարծիքով ով ում կհամոզի և ի՞նչ է կատարվում իրականում։

-Պատկերացնենք բաժակով լիքը ջուր է։ Վերևի հատվածում սերուցքն է՝ էլիտան, ներքևի հատվածում տականքն է՝ մշուշը, մեջտեղը ժողովուրդն է՝ մաքուր, զուլալ ժողովուրդը։ Ժողովուրդը դեպի վերև է ձգտում, երբեմն դեպի ներքև է իջնում, որովհետև այս ներքևի տականքը և վերևի սերուցքը միշտ իրար հետ առերևույթ, կամ աներևույթ կռվի մեջ են և, որ կողմը ուժեղանում է, ժողովուրդը ձգտում է դեպի այդ կողմը, կարծում է դա է ճիշտը, ժողովուրդը հետևում է այս երկուսին։ Այսօր ամեն ինչ խառնվել է․ ժողովուրդ, էլիտա, տականք՝ իրար մեջ են, չես կարող խմել այդ ջուրը՝ պղտոր է։ Բայց ինչո՞ւ է այդպես: Այդպես է, որովհետև էլիտան ձևավորում է պետությունը՝ տարբեր մեթոդներ կիրառելով։ Նա մատնացույց է անում այդ խավը, ասում է` ժողովուրդ, սա է էլիտան, սա է գլուխը։ Իսկ հիմա ոչինչ չկա, պետական մոտեցման այս ձևը վերանում է։ Հենց այդ պատճառով է, որ այսօր մտավորականներ կան՝ մեկը մյուսից լավը, բայց մտավորականություն չկա։ Չի կարողանում ձևավորվել, որովհետև պետական միջամտություն չկա։ Մտավորականության ձևավորման պարագայում և´ տականքը իր տեղում կմնա, և´ ժողովուրդը իր տեղում կմնա՝ մաքուր, ջինջ ժողովուրդը, դեպի լույսը ձգտող ժողովուրդը։ Հիմա խառնվել է իրար ամեն ինչ, որովհետև տականքը վերև է բարձրացել, վերևից ինչ-որ բաներ ներքև են իջել, ժողովրդի միջով են գնում-գալիս, ժողովուրդը պղտորվում է դրանից։

-Ինչո՞վ կարող է թատրոնը այն աստիճան խանգարել, որ պետական պաշտոնյաների մոտ այն փակելու մղում առաջանա։

-Գաղափարներով, չենթարկվելով․․․

Ասենք` ձեզ դուր չի գալիս այս տնօրենը, եղբա´յր թատրոնի ղեկավարը ձեզ դուր չի գալիս ՝ փոխեք, թատրոն փակելը ո՞րն է։ Թատրոնը մարդ է, կենդանի օրգանիզմ, դուք ո՞նց եք սպանում այդ մարդուն, դու՞ք եք նրան ստեղծել։ Լավ, չե՞ք հասկանում, որ a կետում սկսել եք b կետում վերջացնելու եք։ Գնալու եք, պաշտոնը հավերժ չի, կյանքը հավերժ չի։ Դուք այդ b կետից երբ ավտոբուսից իջաք, փողոցում թքելու են ձեզ վրա, ատելու են, հայհոյելու են, ինչ ասես ասելու են, ո՞նց եք գնում նման քայլերի։

Որո՞նք են այն գործոններ, որոնք ազդում են հասարակության ճաշակի ձևավորման վրա։

-Ես էլ, երևի, իմ մեղքի բաժինն ունեմ այդ հարցում։ Հիմա նայում եմ, թե որտեղ եմ նկարվել և ասում եմ` այ այստեղ չպետք է նկարվեի, այստեղ հաստատ չպետք է նկարվեի։ Այդ տեսակ բաներ հաճախ են լինում, բայց դու դերասան ես, դու չգիտես` դրանից ինչ կստացվի: Ոչ մի բեմադրիչ չի ասում, գիտես վատ բան եմ բեմադրում արի դու մի խաղա. բոլորն ասում են, որ  հրաշալի դեր է քեզ համար։ Չկտրված ձմերուկ է, տանում ես տուն, կտրում և տեսնում մեջը սպիտակ, նեխած և այլն և այլն։

Փարաջանովն ասում էր «Ես աշխարհից վրեժ կլուծեմ սիրով․․․»: Սիրո ուժը չէ՞ր գերագնահատում:

-Այդ մարդու գլխին ինչ ասես խաղացին, նրան երևի դա էր մնում ասել, որ ես վրեժ կլուծեմ սիրով․․․

Դուք հավատու՞մ եք սիրո ուժին:

-Իհարկե, սերը մեծ հասկացություն է․ Աստված սեր է ի վերջո․․․Այդ սիրո մասին է խոսքը, ես այդպես եմ սիրուն վերաբերվում. սերը հողի ջերմանալն է, սերը ծաղկի բացվելն է, սերը բողբոջ է․․․

Իսկ Հայրենիքի նկատմամբ սերը:

-Դա էլ է բողբոջ, բա բողբոջ չի ինչ է՞․․. Ինչպե՞ս ասեմ․ կարծես մի բան է ծաղկում քո մեջ, դու էլ ուրիշ բան չունես այս աշխարհում՝ քոնը քո հայրենիքն է, քո ծնողերն են, քո ընտանիքն է, քեզանից առաջ եղած մարդիկ են՝ քո նախնիները։ Սա ես դու, եթե քեզ փորձես գտնել ուրիշ տեղերում, քեզ կուլ կտան, որովհետև չես գնահատում քո ունեցածը, այդտեղից ես դուրս ես եկել, բայց դրա արժեքը չգիտես։ Ես գլոբալիզմի հերն եմ անիծել, որ մեր տունը քանդեց։

 

-Մի քանի բլից հարց ունեմ Ձեզ տալու:

Եթե Ձեր կյանքի հիման վրա ֆիլմ նակարահանվեր, ի՞նչ ժանրի ֆիլմ կլիներ։

-Երևի տրագիկոմեդիա։

Եթե ընդամենը մեկ հոգու կարողանայիք վերակենդանացնել, ո՞վ կլիներ նա։

-Տատս․․․

Ինչու՞։

-Այդպես եմ ուզում։

Կարոտե՞լ եք։

Շատ…

Եթե կարողանայիք օրացույցում նոր տոն ավելացնել, ո՞րը կլիներ այն։

Հայրենիքի օրը…Թող ռաբիս չհնչի, իսկապես այդպես եմ մտածում։

-Ու՞մ հետ կնշեիք:

-Բանակի։

Ունեք 30 վայրկյան` ներողություն խնդրելու համար, ումի՞ց և ինչի՞ համար կխնդրեք։

-Վիգեն Չալդրանյանից։

Ինչի ՞համար։

-Ինքը գիտի:

-Մենք չպետք է իմանանք։

-Ո´չ

Վերջին անգամ ե՞րբ եք եղել Արցախում և ի՞նչ առիթով։

-Ներկայացումներով էինք գնացել, իսկ վերջին ներկայացումը հենց Աղավնոյում խաղացինք։

Երբ խռովում եք աշխարհից, հայրենիքի որ անկյունում եք ջերմություն գտնում։

-Իմ հայրական տանը՝ Բերդում։

 

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը