
Մենք ընդունում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և կշարունակենք աջակցել Հայաստանի ջանքերին․ Եվրոպական քաղաքական համայնքի հայտարարությունը
Եվրոպական քաղաքական համայնքը հայտարարություն է տարածել համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից հետո։
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանն ու դիմակայունությանը։
Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Չնայած Ռուսաստանի իրականացրած բազմաբնույթ միջամտություններին՝ դրանք հայ ժողովրդին հնարավորություն տվեցին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի։
Այդ ժամանակվանից ի վեր՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումը միայն աճել է։ Ռուսաստանն աննախադեպ սահմանափակումներ է կիրառել հայկական ապրանքների արտահանման նկատմամբ, իսկ այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումն օգտագործել որպես ահաբեկման միջոց։
Որպես պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն ընձեռելու Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել իր ճակատագիրը։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում՝ հատկապես առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով Եվրոպական միության այն որոշման վրա, որով չեղարկվել են դեպի ԵՄ հայկական արտահանման 80%-ի մաքսատուրքերը։
Մենք ընդունում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և կշարունակենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու բարգավաճող ու դիմակայուն ժողովրդավարություն և զարգացած տնտեսություն, որն ամբողջությամբ ինտեգրված կլինի տարածաշրջանային կապուղիներին և միջազգային առևտրային հոսքերին։
Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր արձանագրված զգալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք խրախուսում ենք հետագա ջանքերն այս ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի», - նշվում է հայտարարությունում։


