
Չորս հասցե, կորցրած տուն ու Արցախ վերադառնալու չմարող հույս․ Աղավնոյի կարմիր տանիքների տակ մնացած կյանքը
Սիրիա, Լիբանան, Արցախ, Հայաստան. 4 հասցե, մի քանի անգամ նորից սկսված կյանք, բայց մեկ հայրենիք։ Աղավնոյի նախկին գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը հայրենիք էր եկել ոչ թե այցելելու, այլ ապրելու, տուն կառուցելու և հողը շենացնելու։ Սակայն տարիներ անց ստիպված էր թողնել այն ամենը, ինչ ստեղծել էր սեփական ձեռքերով։ Այսօր նա ապրում է Հայաստանում, բայց Արցախ վերադառնալու հույսը չի կորցրել։
«Հայաստանից մենք չենք կարող խռովել, բայց առանձին մարդկանցից՝ կարող ենք»,- Անդրանիկ Չաուշյանի այս խոսքերի հետևում մի ամբողջ կյանքի պատմություն կա՝ կորուստներով, հիասթափություններով, բայց նաև չհանձնվելու համառությամբ։
Նրա մանկությունն անցել է Սիրիայում, երիտասարդությունը՝ Լիբանանում, իսկ հասուն տարիքում որոշել է տեղափոխվել Հայաստան, այնուհետև Արցախ։ Ասում է՝ հայրենիք գալու որոշումը կայացրել էր դեռ մինչև առաջին անգամ Հայաստան այցելելը։
«Մենք Հայաստան չէինք գալիս որպես զբոսաշրջիկներ՝ Գառնի, Գեղարդ կամ այլ տեսարժան վայր այցելելու։ Գալիս էինք այն համոզմամբ, որ այստեղ անելիք ունենք»,- պատմում է Անդրանիկը։
Նպատակը պարզ էր՝ ապրել հայրենի հողի վրա, շենացնել այն և սեփական ներդրումն ունենալ հայրենիքի զարգացման գործում։
Չաուշյանի խոսքով՝ յուրաքանչյուր սերունդ նախորդներից ժառանգություն է ստանում և պարտավոր է այն փոխանցել հաջորդներին։ Իրեն բաժին հասած պատասխանատվությունն էլ համարել է հայրենիքում ապրելու և ստեղծելու որոշումը։
Հայրենիք եկավ տուն կառուցելու, բայց ստիպված եղավ հեռանալ
Սկզբում Չաուշյանն ապրել է Բերձորում, ապա տեղափոխվել Աղավնո՝ գյուղ, որը հետագայում հայտնի դարձավ իր կարմիր տանիքներով։ Այստեղ նա ոչ միայն տուն է կառուցել, այլև ընտանիք կազմել, երեխաներ ունեցել, համայնքի զարգացման ծրագրեր իրականացրել։
Աղավնոյի նախկին գյուղապետը հիշում է՝ գյուղում անելիքները շատ էին։ Ջրամատակարարում, ճանապարհաշինություն, ծառատունկ, ենթակառուցվածքների զարգացում։ Յուրաքանչյուր օրը նոր աշխատանք ու նոր խնդիր էր բերում։ Սակայն 2022 թվականի օգոստոսին ամեն ինչ փոխվեց։
Աղավնոն հանձնելու որոշումից հետո գյուղի բնակիչները ստիպված եղան հեռանալ իրենց տներից։ Չաուշյանը պատմում է՝ մինչև վերջին պահը փորձել են երկարաձգել այնտեղ մնալու հնարավորությունը։ Սակայն վիճակը թույլ չի տվել շարունակել պայքարը։ Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրն արդեն խաղաղ բնակիչների անվտանգ դուրսբերումն էր։ Տնից հեռանալը բառացիորեն րոպեների հարց է եղել։
«Մենք պարտավորություն ունեինք ապահովելու մարդկանց անվտանգ դուրսբերումը»,- հիշում է նա։
Այսօր էլ Չաուշյանը չի ցանկանում ամբողջությամբ բացել Աղավնոյի վերջին օրերի բոլոր մանրամասները։ Ասում է՝ շատերն են հարցնում, թե ինչու ավելի երկար չդիմադրեցին, բայց այդ օրերին ունեցած հնարավորությունները չափազանց սահմանափակ էին։
«Վերադարձ լինելու է՝ ինչ գնով էլ լինի»
Արցախի հայաթափումից հետո Չաուշյանը նոր կյանք է սկսել Հայաստանում, բայց չի ընդունում, որ Արցախի հարցը կարելի է փակված համարել։ Հարցին՝ հավատո՞ւմ է արցախցիների հավաքական վերադարձին, պատասխանում է առանց երկմտելու.
«Վերադարձ լինելու է՝ ինչ գնով էլ լինի»։
Նրա համար Արցախը պարզապես տարածք չէ, տունն էլ միայն շինություն չէ։
«Արցախը քառակուսի մետրերով չեն չափում»,- ասում է Չաուշյանը՝ շեշտելով, որ հայրենիքը սերունդների աշխատանքի, պայքարի ու հիշողությունների արդյունք է։
Առավել ցավոտ է երեխաների մասին խոսելը։ Նրանք արդեն մի քանի տարի ապրում են Հայաստանում, սակայն, հոր խոսքով, ամեն օր հիշում են Արցախը։ Գիտեն, որ այնտեղ են ծնվել, որ իրենց արմատներն այնտեղ են։ Չաուշյանը համոզված է՝ յուրաքանչյուր մարդ իր ծննդավայր վերադառնալու իրավունք ունի, և այդ իրավունքը չի վերանում անգամ տարիների ընթացքում։
Մեր ժողովրդին բաժանում են սևերի ու սպիտակների
Հայրենիքի կորստի ցավին զուգահեռ՝ Չաուշյանին մտահոգում են նաև Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները։ Նա քննադատում է գործող իշխանության քաղաքականությունը՝ պնդելով, որ 2018 թվականից հետո Սփյուռքի նախարարության լուծարումն ու հետագա քայլերը թուլացրել են տարիներով ձևավորված կապերը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնությունը կարևորագույն ազգային ռեսուրս է, որը չի կարելի սահմանափակել միայն տոնական միջոցառումներով կամ խորհրդանշական հանդիպումներով։ Չաուշյանի համոզմամբ՝ հասարակության ներսում սևերի ու սպիտակների բաժանումը նույնպես վնասել է ազգային միասնությանը։ Միաժամանակ, նա նկատում է, որ սփյուռքում շատերն այսօր հիասթափված են և նախընտրում են լռել։
«Եթե մենք քննադատում ենք իշխանությանը, դա չի նշանակում, որ հակապետական ենք»,- ընդգծում է նա։
Մենք էլ մարդ ենք, ո՛չ «պլաստմասից» ենք, ո՛չ էլ փայտից
Այսօր Չաուշյանն ընտանիքի հետ ապրում է Հայաստանում, զբաղվում տարբեր աշխատանքներով, հիմնականում՝ շինարարության ոլորտում։ Ասում է՝ նորից ոտքի կանգնելը հեշտ չի եղել։ Տեղահանությունը, ընկերների ու հարազատների կորուստը, սեփական միջավայրից կտրվելը ծանր հետևանքներ են թողել։ Եղել են պահեր, երբ հուսահատվել է, հոգնել, զգացել, որ այլևս ուժ չունի շարունակելու։
«Մենք էլ մարդ ենք, ո՛չ «պլաստմասից» ենք, ո՛չ էլ փայտից»,- ասում է նա։
Բայց ընտանիքի հանդեպ պատասխանատվությունն ու ապագայի նկատմամբ հավատը ստիպել են շարունակել։ Նա համոզված է՝ այն հարվածը, որ քեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։ Չաուշյանի համոզմամբ՝ որքան էլ ծանր լինեն կորուստները, մարդը չպետք է կորցնի նորից սկսելու կարողությունը։
Որտե՞ղ է տունը, երբ կյանքդ մի քանի հասցե ունի
Սիրիան նրա մանկությունն է՝ դպրոցական ընկերներով ու ամենաջերմ հիշողություններով։ Լիբանանը՝ երիտասարդությունը։ Արցախը՝ տունը, ընտանիքն ու հայրենի հողը շենացնելու տարիները։ Հայաստանն այսօր այն վայրն է, որտեղ շարունակում է ապրել ու աշխատել։
Բայց երբ հարցնում ենք՝ այս ամենից հետո Հայաստանից խռովո՞ւմ է, պատասխանը կարճ է. «Հայաստանից մենք չենք կարող խռովել»։
Նրա համար հայրենիքի նկատմամբ սերը չի վերանում ո՛չ քաղաքական տարաձայնություններից, ո՛չ կորուստներից, ո՛չ էլ հիասթափություններից։ Չորս հասցեով անցած կյանքի պատմությունը Չաուշյանի համար դեռ ավարտված չէ։ Աղավնոյի տունը մնացել է անցյալում, բայց վերադարձի հավատը՝ ոչ։ Եվ որքան էլ ստիպված լինի կյանքը նորից սկսել, մի բանում վստահ է՝ «Մենք իրավունք չունենք թուլանալու ու հուսահատվելու»։
Գառնի Մութաֆյան


