Արցախի ԱԺ-ն դատապարտում է հայկական հետքի վերացմանն ուղղված Ադրբեջանի իշխանությունների գործողությունները
Չնայած խաղաղության մասին միջազգային տարբեր հարթակներում սեփական բարձրակոչ հայտարարություններին՝ Ադրբեջանն անթաքույց փորձում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպանական ծրագրերը եզրակետին հասցնել. ասված է Արցախի ԱԺ տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ դա հիմնականում արտահայտվում է հայկական քրիստոնեական պատմամշակութային, ազատագրական պայքարի և պետականակերտման խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների պղծմամբ, ոչնչացմամբ կամ էլ այսպես կոչված «աղվանական ծագման» հորջորջմամբ:
Վանդալիզմի վերջին դրսևորումներն են Ստեփանակերտի Աստմածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի պղծումը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքերի հիմնահատակ ավերումը:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հետքի վերացման բարբարոսական գործողությունները և իրավապաշտպան կազմակերպություններից, ՀՀ իշխանություններից պահանջում ադրբեջանական հակամշակութային բոլոր գործողությունների փաստերը մեկ առ մեկ ներկայացնել միջազգային իրավասու մարմիններին և ատյաններին՝ խնդրին տալով միջազգային հնչեղություն»,-ասված է հայտարարության տեքստում: