Կարևոր է Ադրբեջանի հետ բանակցելը․ ԱԱԾ տնօրենը՝ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը խոսել է ապագա անելիքների և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտության մասին, մասնավորապես, ընդգծվել է Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քննչական կոմիտեում անհայտ կորած անձանց անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ ընթացող նախաքննությանը: ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
Խոսվել է միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համագործակցության, ինչպես նաև գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի շուրջ ընթացող բանակցությունների մասին։