23 Դեկ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկլավներ, Թուրքիայի հետ հարաբերություններ ու հավանական պատերազմ. ի՞նչ է քննարկվել Բելգիայում Աբրահամ Գասպարյանի հետ հանդիպմանը

Անկլավներ, Թուրքիայի հետ հարաբերություններ ու հավանական պատերազմ. ի՞նչ է քննարկվել Բելգիայում Աբրահամ Գասպարյանի հետ հանդիպմանը

«Թուրքը ոչ թե Հայաստանից է վախենում, այլ սփյուռքից». Բրյուսելի Հայ տանը կայացավ Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հանդիպումը Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ավելի քան 3 ժամ տևած դասախոսության ընթացքում Գասպարյանը ներկայացրեց Արցախյան հարցի կարգավորման փուլերը, հայաստանյան քաղաքական հոսանքների և դրանց հարող քաղաքական միավորների ու հանրային շերտերի դիրքորոշումը այդ համատեքստում, Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգող այսօրվա սպառնալիքներն ու ճգնաժամի անդունդը հաղթահարելու ճանապարհը։

«ՀՀ տարածքում չկա որևէ ադրբեջանական անկլավ». Գասպարյանը 1926 թ. հրապարակված քարտեզով փաստեց պնդումը և խոսեց, այսպես կոչված, անկլավները հանձնելու պարագայում Հայաստանի Հանրապետությանը սպառնացող  գոյաբանական վտանգների մասին։

Անդրադարձավ նաև հավանական պատերազմին, որի սուրը ՀՀ գլխին ճոճվում է բառացիորեն ամեն րոպե, և շարունակելու է գլխատել հայկական դիմադրությունը, քանի դեռ երկրի ղեկը հանրությանը պատերազմի ուրվականով սպառնացող և պարտվողական թեզերը հանրային գիտակցության մեջ արմատավորող ուժի ձեռքին է։

«Հավանական պատերազմը չի ենթադրում միայն ռազմական գործողություն։ Ադրբեջանն այս պատերազմում պատրաստվել է բոլոր ճակատներում՝ ռազմականից մինչև լոբբիստական։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 2 օր անց՝ սեպտեմբերի 29-ին, ԱՄՆ բոլոր կոնգրեսականների սեղանին փաստաթղթերի մի ամբողջ տրցակ է եղել, որով Ադրբեջանն ապացուցում էր՝ իբրև Արցախը միշտ էլ եղել է Ադրբեջանի կազմում»,- նշեց Գասպարյանը՝ խոսելով թուրանական հայակործան քաղաքականության և այդ համատեքստում Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին։

Քաղաքագետի խոսքով՝ «Թուրքիան փոխվել է» հետանկախական տարիների խոսույթն անհեթեթություն է, իսկ «Հայաստանը հավերժ է»-ն՝ զգոնությունը բթացնող թեզ։ Եվ եթե ցանկանում ենք բեկում մտցնել այսօրվա աղետաբեր շրջափուլում, պետք է մտածել նաև  ասիմետրիկ գործողությունների մասին։

«Այն, ինչ հիմա կասեմ, գուցե տարակուսելի հայացքների տեղիք տա, բայց պետությունը կառուցում են մեծ նպատակներ սահմանելով։ Եթե ես կազմեի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, ապա առաջին նախադասությունը կլիներ հետևյալը՝ «Հայաստանը չի կարող պարտվել որևէ պատերազմում» »,-ասաց Գասպարյանը։

Քաղաքագետը ներկայացրեց նաև 12 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որով հնարավոր կլինի ապահովել հայկական պետության վերազարթոնքը։

«Եկել է ժամանակը, որ սփյուռքը ներգրավվի հայկական պետականության ձևավորման գործին». Բելգիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Աբրահամ Գասպարյանը խոսեց նաև Հայաստանի համար այս օրհասական պահին Սփյուռքի անելիքի մասին։

«Արցախը կորցրինք, Հայաստանը զոհասեղանին է, սփյուռքը՝ անտեսված։ Հայաստանը հիմա թույլ է, խնդրում եմ ձեզ՝ տեր կանգնեք մեր հայրենիքին՝ յուրաքանչյուրդ ձեր տեղում, յուրաքանչյուրդ՝ որպես Հայաստանի դեսպան աշխարհում»,- եզրափակեց Գասպարյանը։

Հանդիպման ավարտին ներկաները հարցեր տվեցին ՀՀ քաղաքական դերակատարների, հնարավոր առաջնորդների և անելիքների մասին։ Հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք քաղաքական կուսակցություն հիմնել, Գասպարյանը ասաց՝ ոչ։ «Ես առաջ եմ քաշել հավաքական առաջնորդության գաղափարը»,-ամփոփեց բանախոսը։