Դուք ծառայության մեջ եք, ծառա չեք․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին
Տավուշի թեմի առաջնորդը նաև անդրադարձել է երեկ բախումների ժամանակ վիրավորում ստացածներին ու ՆԳՆ հերքումներին, թե ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Սրբազանն ասել է, որ կրակողները ժողովրդից չեն եղել, ոստիկաններն էլ հերքում են, որ իրենք են կրակել։
«Ժողովուրդը չի կրակել, իրենք էլ ասում են, որ իրենք չեն կրակել, ուրեմն երկնքից ասուպ է ընկել։ Վնասվել են 2 կին, մեկ աղջնակ և մեկ լրագրող, որոնց ես այցելել եմ»,-ասել է նա։
Բագրատ Սրբազանը կոչով դիմել է նաև ոստիկաններին։ «Սա ձեր խնդիրը չէ, մի մտեք արանքը, դուք մասնակից եք լինում այնպիսի գործընթացի, որը լուծելու է մեր ճակատագիրը, չեմ կարծում, որ դուք տուն եք գնացել ու հանգիստ քնել եք, որովհետև ոտնակոխ եք արել կանանց ու երեխաներին։ Ինչի՞ համար, որ պահպանում են իրենց տունն ու հայրենիքը։ Ձեզ մխրճել են այնպիսի գործընթացի մեջ, որը վճռական է բոլորիս համար։ Հանկարծ չդժգոհեք երեկվա ընդվզումից, գիտեմ, թե ինչպիսի ծանր հոգեվիճակում եք։ Մենք գնահատում ենք ձեր ծառայությունը, բայց վերանայեք, թե դուք ում եք ծառայում։ Ով ուզում է լինի, իրավունք չունի սպառնալ իմ ժողովրդին։ Ձեզ պահեք ձեր պատկերացրած տղամարդուն վայել, դուք ծառայության մեջ եք, ծառա չեք։ Քանի դուք կրկնելու եք այդ գործողությունները մենք կանգնելու ենք ձեր դիմաց, ուղիղ ձեր դիմաց։ Մեզ ոչինչ չի հետաքրքրում, չեք կարող մեզ վախեցնել։ Դուք մոնղոլ չեք, ոչ էլ արաբ, որ արշավանքներով գաք ու գնաք»,-նշել է նա։