22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոնկրետությունից զուրկ հայտարարություններ, մարդկանց տներով անցնող սահմանագիծ և «քիթը խոթող» ԵՄ. ռուս փորձագետները` ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մասին 

Կոնկրետությունից զուրկ հայտարարություններ, մարդկանց տներով անցնող սահմանագիծ և «քիթը խոթող» ԵՄ. ռուս փորձագետները` ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մասին 

Ռուս փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը РИА Новости-ի հետ զրույցում, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցը, նշել է, որ ցանկացած դելիմիտացիա շատ բարդ, նուրբ և երկարատև հարց է։ Նրա խոսքով՝ բարդություններ են առաջացնում նաև ներքաղաքական իրադարձությունները, բնակչության և ընդդիմության արձագանքը։

Коммерсант-ը գրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության են գնում ուղիղ գյուղերով։ Մինչ Տավուշի մարզում և հանրապետության մի շարք այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում, բողոքի ցույցեր են ընթանում, ՀՀ կառավարության կայքը հրապարակում է նորություններ սահմանային հենասյուների տեղադրման մասին։ Այդուամենայնիվ, սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին պաշտոնական բոլոր հաղորդումները մեկ ընդհանուր բան ունեն՝ զուրկ են կոնկրետությունից։ Արդյունքում՝ ոչ ոք չի կարող հասկանալ կամ իրականում բացատրել, թե կոնկրետ ի՞նչը, ե՞րբ և ինչպե՞ս է փոխանցվելու հարևան երկիր։ «Մարդկանց ձեռքերում ինչ-որ թղթեր են, որոնք նրանք ցույց են տալիս մամուլին։ Եթե հավատաք դրանց, ապա Կիրանցի սահմանն անցնում է տնային տնտեսությունների միջով», – գրել է կայքը՝ շեշտելով, որ պաշտոնական իշխանությունների կողմից արձագանքի բացակայության պայմաններում՝ բազմապատկվում են ենթադրություններով հրապարակումները, թե ի՞նչ է բաժանվելու և ինչպե՞ս։

Ըստ ռուս քաղաքագետ Յուրի Սվետովի՝ որքան քիչ Եվրամիությունը «քիթը խոթի» Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մեջ, այնքան ավելի արագ կողմերը կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Известия-ի հետ զրույցում քաղաքագետն այն կարծիքն է հայտնել, թե խաղաղության պայմանագրի համար առանցքային նշանակություն ունի ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ ապրիլի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպումը։