Անգլիական Climate Home պարբերականի թղթակիցներն անցյալ ամիս այցելել են Արցախ և ծավալուն հոդված հրապարակել։ Նշվել է, որ միջազգային դերակատարները՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի գլխավորությամբ, տարիներ շարունակ փորձել են գտնել սառեցված հակամարտության խաղաղ լուծումը և ձախողել են։
«Ալիևը 2020 թվականի սեպտեմբերին իր ձեռքն առավ նախաձեռնությունը՝ լայնածավալ ռազմական հարձակում ձեռնարկելով Լեռնային Ղարաբաղի վրա։ Թուրքիայի աջակցությամբ՝ ադրբեջանական ուժերը հաղթեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, որը խլեց առնվազն 7000 մարդու կյանք, այդ թվում՝ ավելի քան 100 խաղաղ բնակիչների», – նշվել է հոդվածում: Այժմ, ըստ ադրբեջանական պաշտոնական տեսլականի՝ ԼՂ-ում նախատեսում է «էկոդրախտի» կառուցում, սակայն տեղի լանդշաֆտը ներկայումս հիշեցնում է լայնածավալ շինհրապարակ, ինչը երևում է արբանյակային պատկերներով: Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները Climate Home-ի հետ զրույցում նշել են, որ էթնիկ հայերը նույնպես կարող են վերադառնալ, բայց միայն այն դեպքում, եթե նրանք հավատարիմ մնան Բաքվի կողմից պարտադրված պայմաններին: Ադրբեջանի նախագահի հատուկ խորհրդական Նիջաթ Քարիմովը նշել է, որ Բաքուն, «անվտանգության» նկատառումներից ելնելով, ավերել է Արցախում հայկական կառավարական շենքերը՝ առանց հստակեցնելու՝ խոսքն ինչի մասին է:
Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունը դրանից հետո «վերանորոգել և վերականգնել է» գյուղերը։ Սակայն երբ պարբերականի թղթակիցներն այցելել են Քարինտակ, արձանագրել են, որ գյուղից գրեթ ոչինչ չի մնացել: «Այժմ գրեթե ամբողջ բնակավայրը, կարծես, հողին է հավասարվել», -ընդգծել են նրանք։ Climate Home-ը հարցրել է COP29-ի նախագահությանը, թե ի՞նչ է պատահել գյուղին: Խոսնակը պատասխանել է, որ կառավարության փորձագետները պետք է ուսումնասիրեն արբանյակային պատկերները, շենքերը և վայրերը, որոնք հիշատակված են պարբերականի հարցում՝ «ամբողջական պատասխան տալու համար»: Այցելելով Շուշի՝ թղթակիցները նկատել են, որ այնտեղ մեկ տարի առաջ բացված 5 աստղանի սպա հյուրանոցային համալիրի տեսադաշտում ոչ մի հաճախորդ չի եղել։