11 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնել է Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում։ Նշենք, որ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսել «Ապրելու երկիր» կուսակցությունը, գործընթացը պետք է մեկնարկեր ուրբաթ։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ABCmedia-ի հետ զրույցում նշել է, որ իրենց քաղաքական ուժը դեռ վաղուց է սկսել այս գործընթացը։

«Մենք պատշաճ կարգով իմպիչմենտի գործընթաց ենք նախաձեռնել ավագանու անդամների մեծամասնության ստորագրությամբ, ավագանու 20 անդամներից 11-ը ստորագրել են գործընթացի համար։ Օրենքով սահմանված կարգով՝ ուրբաթ պիտի տեղի ունենար նիստը, հրաժարականի մասին տեղեկացել ենք ֆեյսբուքյան իր էջից։

«Ժամկետ գոյություն ունի, եթե երեք օրվա ընթացքում չփոշմանի, ապա կընտրվի նոր ղեկավար, եթե փոշմանի՝ մենք կշարունակենք իմպիչմենտի գործընթացը»,- այս մասին ասել է Մեսրոպ Առաքելյանը։

Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու պատճառների մասին է խոսել Առաքելյանը, նշել է, որ դեռևս երկու տարի առաջ է իրենց քաղաքական թիմը սկսել գործընթացը։

«Դեռևս երկու տարի առաջ մենք վիճարկել էինք ընտրությունների արդյունքը, որովհետև այն օրենքի խախտումով էր եղել։ Մեր խմբակցությունը բոյկոտում էր նիստերը։ Հետո ակնհայտ դարձավ, որ այս երկու տարիների ընթացքում համայնքը անգործության էր մատնվել, տարվա մեջ միայն մեկ կամ երկու անգամ էին նիստ անում, բայց իրենց խմբակցության անդամները չէին էլ մասնակցում նիստերին»,-նշել է նա։