Փաշինյանին աջակցող ԵՄ-ին չեն հետաքրքրում Երևանի անհանգիստ փողոցները․ ռուսական մամուլի անդրադարձը
Հայաստանը վերջերս Մոսկվայից հեռանալու հստակ ուղղություն է վերցրել, և հայտարարել ԵՄ–ին անդամակցելու իր ցանկության մասին․ նշվել է НТВ-ի ռեպորտաժում:
Ինչպես հաղորդվել է, Բրյուսելն ակնհայտորեն կողմ է ՀՀ–ի եվրոպական կուրսին: Թեև այս պահին Երևանի փողոցները նույնպես անհանգիստ են, բայց, ի տարբերություն վրացական անկարգությունների, ԵՄ–ին դա չի հետաքրքրում։
«Ցուցերի առաջնորդ Բագրատ սրբազանն իրեն պահում է ռոք աստղի պես ցանկացած իրավիճակում։ Նա արդեն ունի ֆիրմային գույն՝ նրա հանրահավաքներին կապույտ ծխային ռումբեր են վառում», – նշվել է ռեպորտաժում։
Ընդգծվել է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը գոհ են Հայաստանի ներկայիս իշխանությունից և լռելյայն աջակցում են վերջինիս, քանի որ Փաշինյանն անհրաժեշտ շրջադարձ է կատարել Մոսկվայից, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանի հետ հակամարտությունն ավարտվելու հեռանկարներ ունի, իսկ Ռուսաստանը, որը հանդես էր գալիս որպես Ղարաբաղում անվտանգության երաշխավոր, այլևս պետք չէ Հայաստանին այդ առումով:
Независимая Газета-ն գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել Բաքվում COP29-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ–ի միջազգային համաժողովի շրջանակներում: Կողմերը դեռ պետք է համաձայնության գան մի քանի կետերի շուրջ։ Չնայած դրան՝ չի բացառվում, որ փաստաթուղթը մոտ 90%-ով պատրաստ է։ Այդուամենայնիվ, կայքի հետ զրուցած փորձագետները զգուշավոր են խոսում մոտակա խաղաղության հեռանկարի վերաբերյալ։