Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը, ТАСС -ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ինչպես նշել է փոխնախարարը, ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը Ղազախստանում՝ խաղաղության պայմանագրի մշակման նպատակով։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատրաստ է նպաստելու փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանն՝ ապահովելու տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումը։ Դիվանագետը բարձր է գնահատել նաև Աստանայի դերը, որը հարթակ է ստեղծել հայ-ադրբեջանական շփումների համար։
«Կարևոր է, որ նման հանդիպումները համահունչ լինեն 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, համատեղ սահմանի սահմանազատում, քաղաքացիների միջև շփումների զարգացում», – հավելել է Գալուզինը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ-ի հետ շփումների նկատմամբ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարության մակարդակով, ինչը Արևմուտքի ճնշման արդյունքն է։ Միաժամանակ փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում․ «Առևտրատնտեսական ոլորտում մենք ունենք զգալի արդյունքներ։ Տնտեսական համագործակցության երկկողմանի միջկառավարական հանձնաժողովն աշխատում է արդյունավետ»։