Հայաստանի սխալ քայլերն անհնարին կդարձնեն ՌԴ-ի հետ ընդհանուր պաշտպանական տարածք ունենալը․ Գալուզին
Հայաստանի հապճեպ քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այնուամենայնիվ, հապճեպ որոշումները, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն ի վերջո սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ–ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից և ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
Մինչ Ռուսաստանը իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում իր հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմամբ, Արևմուտքի նպատակները լրիվ հակառակն են․ «Հիմնական խնդիրներից մեկը Եվրասիայում մեր ինտեգրացիոն գործընթացները խարխլելն է՝ ՀԱՊԿ–ն, ԱՊՀ–ն, ԵԱՏՄ–ն»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ձեռնարկել ցանկացած քայլ, ներառյալ Ռուսաստանի հարևան պետություններում ներքաղաքական և սոցիալ–տնտեսական իրավիճակի ապակայունացումը: