Իրանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի
Հայաստան է ժամանել Իրանի կողմից փոխանցված մարդասիրական օգնությունը ՀՀ Լոռու մարզում հեղեղներից տուժած բնակչության համար․ այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին Իրանի ժողովրդի ու դեսպանատան անունից կարեկցանք ու ցավակցություն հայտնելով Լոռու մարզում աղետի հետևանքով տուժած անձանց՝ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, հայ ժողովրդին Իրանում ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահի, արտգործնախարարի և նրանց ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ կարեկցանքի և ցավակցության համար։
«Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում ջրհեղեղի մասին տեղեկանալուց հետո իրանական Կարմիր մահիկը պատրաստակամություն է հայտնել անմիջապես աջակցություն փոխանցել տուժածներին։ Այսօր այստեղ ենք, որպեսզի Իրանի ժողովրդի կողմից փոխանցված այս փոքրիկ օգնությունը հանձնենք հայկական կողմի տուժածներին։ Գիտենք, որ վնասները բավականին մեծ են, բայց այս փոքրիկ օգնությունը կկարողանա ինչ-որ չափով աջակից լինել»,-ասաց Իրանի փոխդեսպանը՝ հավաստիացնելով, որ նման դեպքերում իրանական կողմը պատրաստ է մշտապես աջակցել։
Ինչպես հայտնեցին ՀԿԽԸ-ից՝ իրանական կողմի մարդասիրական օգնությունը ներառում է պահածոյացված սնունդ, վրան-ծածկոցներ, անկողային պարագաներ, սպասքի և սանիտարական հավաքածուներ և այլն։