ԱԺ 33 պատգամավորներ մուտքագրել են արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը․ Արծվիկ Մինասյան
ԱԺ պատգամավորները արտահերթ նիստ հրավիրելու նախագիծ են ներկայացրել, օրակարգում մեկ հարց է՝ ԱԺ–ի ուղերձը Կառավարությանը, Կառավարության հրաժարականի և նոր կառավարության կազմավորման անհրաժեշտության մասին․ տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Մենք մոտ երեք ժամ առաջ մուտքագրել ենք ԱԺ 33 պատգամավորների առաջարկը։ Գործող օրենքի համաձայն, եթե արտահերթ նիստը պետք է գումարվի մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապա անհրաժեշտ է ԱԺ խորհրդի դրական դիրքորոշումը»,-ասել է Մինասյանը։
Նա տեղեկացրել է՝ գրության մեջ հստակ նշվել է, որ օրենքի դրույթը պահեն, և անկախ խորհրդի ցանկությունից՝ այս նիստը գումարվի՝ հինգ օրը հաշվարկելով։
«Եթե խորհուրդը չցանկանա որևէ պատճառով ներառել օրակարգում մեր պահանջը կամ դեմ քվեարկի, ապա 5-րդ աշխատանքային օրը՝ այսինքն հունիսի 17-ին, օրենքի ուժով պիտի գումարվի արտահերթ նիստ։ Մեր գրության մեջ հստակ արձանագրվել է ամեն բան, այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից միջնորդություն է ներկայացված այն մասին, որ այսօրվա խորհրդի նիստի օրակարգում ներառվի հրաժարականի հարցը և որոշում կայացվի վաղն արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Գրության մեջ արձանագրվել է, եթե անգամ վաղն էլ խորհուրդը նպատակահարմար չգտնի կարող է մինչև ամսի 17-ին հրավիրել արտահերթ նիստ։ Հակառակ դեպքում՝ ամսի 17-ին, օրենքի ուժով, պետք է արտահերթ նիստ տեղի ունենա։ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորների առնվազն ¼-ի, այս դեպքում՝ 27 պատգամավորի մասին է խոսքը, բայց մենք ունենք ԱԺ պատգամավորների այնքան ստորագրություն, որ անպայման արտահերթ նիստի օրակարգը պիտի ներառվի»,-հայտարարել է Մինասյանը։