23 Սեպ
2024
14.4° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ի՝ նիստին չներկայանալը սահմանադրական կարգի տապալման փորձ է․ Արծվիկ Մինասյան

ՔՊ-ի՝ նիստին չներկայանալը սահմանադրական կարգի տապալման փորձ է․ Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցով ԱԺ արտահերթ նիստին ՔՊ խմբակցության չներկայանալը և քվորում չապահովելը սահմանադրական կարգը տապալելու փորձ է․ ասել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են։ ԱԺ պատգամավորները և հատկապես քաղաքական մեծամասնությունը ուղիղ պարտականություն ունի Սահմանադրության մեկ այլ հոդվածով՝ ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը։ ԱԺ պատգամավորների առնվազն ¼-ի նախաձեռնությամբ հրավիրվող նիստը, Սահմանադրության 100-րդ հոդվածի պահանջի համաձայն, պետք է անցկացվի։ Այստեղ չկա որևէ հնարավորություն, որը քաղաքական մեծամասնությունը փորձում է ներկայացնել, թե իբր դա իրենց իրավունքն է՝ չգալու։ Եթե քաղաքական փոքրամասնությունն է կիրառում այս գործիքը, որը միջազգային պառլամենտական կանոններով ընդունված է որպես մեծամասնության վարքագծի դրսևորմանը որևէ հակազդեցություն, տրամաբանական է, բայց քաղաքական մեծամասնությունը չի կարող իր իսկ մեծամասնության ուժով տապալել ԱԺ նիստը։ Սա սահմանադրական կարգի տապալման փորձ է»,- ասել է Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ եթե առաջիկա 4 ժամում քվորում չապահովվի, նիստի օրակարգը կհամարվի ավարտված, սակայն դա չի նշանակում, որ Փաշինյանի և կառավարության հրաժարականի հարցն ԱԺ-ում այլևս չպետք է քննարկվի։