ՄԱԿ կլիմայական փոփոխությունների համաժողով/COP29-ին Բաքվում պետք է խոսեն Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, Ադրբեջանում պահվող ու հալածվող հայ գերիների մասին, Ալիևի բռնապետական ռեժիմի մասին. ABC media-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ, էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։
«COP29-ին ոչ միայն պետական պատվիրակություններ են լինելու, այլև տարբեր հարցերով, խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Հայաստանը պետք է շատ հստակ քաղաքականություն վարի հատկապես արևմտյան կառույցների հետ։ Պետք է անընդհատ մեսիջներ փոխանցվեն նրանց՝ Արցախում իրագործած էթնիկ զտման, բնիկ ժողովրդին բռնի տեղահանելու, Արցախը օկուպացնելու, հայ գերիներին Բաքվի բանտերում հալածելու մասին։ Այս քայլով մենք պետք է հասնենք այն արդյունքին, որ ելույթ ունեցողները նշեն՝ օրինակ՝ մինչ այստեղ կանգնած ճառեր ենք ասում, բանտերում մարդիկ են տառապում»,- ասել է Մանվելյանը։
Հայաստանի պետական համակարգից սպասել նման աշխատանք, անհիմն է՝ ասում է Մանվելյանը։ Այն պետք է ստանձնեն մասնավոր կազմակերպություններ, լոբբիստական կառույցներ ու սկսեն այդ գործընթացը՝ ակտիվ ձևով աշխատելով։
«Իշխանական մակարդակով դա տեղի չի ունենալու, վախենամ՝ հակառակը անեն։ Մասնավոր սեկտորը պետք է պարտադիր անի դա։ Օրինակ սկսելով ինձնից․ միջազգային բուհերում իմ անձնական կապերը պետք է գործի դնեմ, կապ հաստատեմ դասախոսների հետ։ Այս ընթացքում տարբեր նամակներ եմ ուղարկել դասախոսներին ու նրանց ևս հորդորել՝ իրազեկեն, պահանջեն, որ COP29-ին խոսեն այդ մասին»,- ասել է Մանվելյանը։
Եթե Հայաստանից պատվիրակություն գնա Բաքու, պետք է հստակ իմանա՝ ինչու՞ է գնում, ի՞նչ պահանջով ու ակնկալիքով։ Հակառակ դեպքում՝ Հայաստանը ևս մեկ անգամ կլեգիտիմացնի Ադրբեջանի ցեղասպան գործունեությունն ու պարտված կվերադառնա Հայաստան։