Արցախի հայության վերադարձի հարցը շարունակում է գլխավորել Genesis Armenia-ի քաղաքական օրակարգը
Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամը հայտարարություն է տարածել Արցախի պետականության հռչակման տոնի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ, մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Արցախի Հանրապետությունը։ Այն դեռևս 1988թ.-ից սկսված Արցախյան շարժման հանգուցակետային փուլերից մեկն էր, որի վերջնակետը պիտի դառնար մայր Հայաստանի հետ միավորումը։ Արցախի Հանրապետության հռչակումը մարտավարական քայլ էր, որը պայմանավորված էր օրվա աշխարհաքաղաքական և հետսառըպատերազմյան իրողություններով, հակառակ փաստին, որ Արցախի ազատագրական շարժման իրավական հիմքում՝ 1989թ. դեկտեմբերի 1-ի հայտնի Վերամիավորման ռազմավարությունն էր:
Հայկական 2-րդ պետականության հռչակումը տեղի ունեցավ ներքին ու արտաքին ծանրագույն մարտահրավերների, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ընդգծված հակահայկական թշնամական քաղաքականության և ներհայկական մակարդակում պարտվողական ու զինաթափման ամուլ քարոզչական փորձերի պայմաններում։ Վերջինս վերակենդանացավ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո, երբ ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերին տրամագծորեն հակառակվող իշխանախումբը տապալեց ՀՀ արտաքին քաղաքական կուրսը, ինչի հետևանքով հայաթափվեց Արցախը։ Արցախյան հիմնահարցն այսօր փակ են համարում բացառապես պաշտոնական Երևանը, Բաքուն և Անկարան։
Հայ ժողովուրդը չի համակերպվել և չի հանդուրժելու Արցախի հայկականության խեղաթյուրումն ու սեփական հայրենի հողի վրա ազատ ապրելու արցախցիների պատմաքաղաքական իրավունքի կորուստը: Հայաստանի Հանրապետությունը, չնայած այսօր վարվող քաղաքական անհեռատես կուրսին, շարունակում է իրավապայմանագրային, բարոյագիտական, նորմատիվային առումներով մնալ Արցախի իրավատիրության պատասխանատուն։ 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհուրդը հստակ որոշել է՝ հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: ՀՀ իշխանության և նրա քաղաքական արբանյակների՝ Արցախի իրավաքաղաքական ճակատագրի և հակամարտության հետպատերազմյան կարգավորման վերաբերյալ իրականացրած գործողությունները, Հայաստան բռնագաղթած ու հայրենազրկված Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ընդգծված ատելության խոսքը, Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների նկատմամբ չըդհատվող հարձակումները, անտեսումը, պետական ներկայացուցիչների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումը վկայում են, որ ՀՀ գործող իշխանության բոլոր գործողությունները հակասահմանադրական են, հակասում են ՀՀ ներքին և միջազգային բոլոր պարտավորություններին և պատասխանատուները՝ վարչախմբի ղեկավարի գլխավորությամբ, պիտի ենթարկվեն ամենածանր պատասխանատվության։
Արցախի հայության վերադարձի հարցը շարունակում է գլխավորել Genesis Armenia-ի քաղաքական օրակարգը, որի գլխավոր հենասյունը հենց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրն է, որը վերահաստատվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեով։ ՀՀ-ը կարող է դառնալ այս օրակարգի պահանջատերը, սակայն ոչ ներկայիս վարչակարգի օրոք, որի անդամներն այս վիճակի գլխավոր մեղավորներն ու պատասխանատուներն են, ու պատասխանատվությունից խուսափելու համար ցայսօր կառչած են աթոռներից և դրանք պահպանելու մղումով շարունակաբար բավարարում են՝ նաև Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր նախապայմանները` ի հաշիվ ՀՀ-ի և հայության շահերի։
Մենք գործադրելու ենք մեր ջանքերը ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի հիմնահարցը օրակարգում պահելու գործում, անկախ ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակից, թշնամական պետությունների սպառնալիքներից և ՀՀ պետական քարոզչամեքենայի հակապետական գործունեությունից։
Շնորհավոր Արցախի պետական հռչակումը»: