Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին պետք է իմանան ողջ աշխարհում․ CBS47
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի CBS47 հեռուստաալիքի լրատվական թողարկման ժամանակ անդրադարձ է կատարվել մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին։ Նշվել է, որ նախորդ տարի Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել 9 ամիս Արցախը շրջափակման մեջ պահելուց հետո։ Ֆրեզնոյում գործունեություն ծավալող պրոֆեսոր Բարլոու Դեր Մուգրդեչիանը նշել է, որ այդ ցեղասպանական գործողությունները պետք է վերաբերեն ոչ միայն հայերին, այլ բոլորը պետք է իմանան, թե ի՞նչ է կատարվում աշխարհում։
Ռեպորտաժում մեջբերվել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությունը․ «Ադրբեջանի շարունակական գործողությունները Արցախի բնակիչների նկատմամբ հանգեցրել են հումանիտար աղետի և էթնիկական զտումների։ Մենք պետք է վստահ լինենք, որ բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության և բոլոր արցախցիները կփոխհատուցվեն իրենց հսկայական կորուստների համար»։ Ֆրեզնոյում ապրող և սովորող հայ երիտասարդները հույս են հայտնել, որ արցախահայերը մի օր կվերադառնան իրենց հայրենիք և կապրեն խաղաղության մեջ։