28 Փտր
2025
-2.9° c ԵՐԵՎԱՆ
-3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազնվական չեմպիոնը․․․ Բորիս Սպասկիի հիշատակին

Ազնվական չեմպիոնը․․․ Բորիս Սպասկիի հիշատակին

Փետրվարի 27-ին  շախմատային աշխարհը ծանր կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ լեգենդար գրոսմայստեր,  աշխարհի 10-րդ չեմպիոնը XX դարի շախմատային արվեստի ամենավառ և հարգված ներկայացուցիչներից մեկը՝ Բորիս Սպասկին։

Ճանապարհ դեպի շախմատային Օլիմպոս
Բորիս Վասիլևիչ Սպասկին ծնվել է 1937 թվականի հունվարի 30-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Նրա շախմատային տաղանդը դրսևորվեց դեռ վաղ հասակից. արդեն 10 տարեկանում նա հաղթում էր մրցաշարերում, իսկ 15 տարեկանում դարձավ այդ ժամանակների ամենաերիտասարդ միջազգային վարպետը։ 1955 թվականին՝ 18 տարեկան հասակում, նա նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որից հետո աստիճանաբար բարձրացավ իր կարիերայի աստիճաններով՝ դառնալով մեծագույն գրոսսմայստերներից մեկը։

Բորիս Սպասկիի ճանապարհը դեպի աշխարհի չեմպիոնի կոչումը հեշտ չէր։ 1950-ականների վերջից նա արդեն մտնում էր շախմատային էլիտայի շարքերը, սակայն իր նպատակին հասնելու համար ստիպված էր հաղթահարել ուժեղագույն մրցակիցներին։

1966 թվականին նա առաջին անգամ իրավունք ստացավ վիճարկել աշխարհի թագը Տիգրան Պետրոսյանի հետ, սակայն պարտվեց (11.5 : 12.5 հաշվով) և դեռևս չկարողացավ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։

«Այս խաղում ես կարելի է ասել կատվի պես ճանգռում էի, բայց ճանգռելով ինչ կարող ես անել Վագրի դեմ։ Առաջին պարտիայից հետո Տիգրանը հասկացել էր․․․․ որ ես ոչինչ չեմ հասկացել», – 2013 թվականի տված հարցազրույցներից մեկում հիշել է Բորիս Սպասկին։

Բայց Սպասկին չհանձնվեց ու շարունակեց կատարելագործվել։

Վերջապես, 1969 թվականին նա հասավ իր բաղձալի նպատակին․ մրցախաղում, որը տեղի ունեցավ Մոսկվայում, Սպասկին կրկին հանդիպեց գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանին։ Սա դարձավ ոճերի անզիջում պայքար. Պետրոսյանը հայտնի էր իր պաշտպանողական և դիրքային վարպետությամբ, մինչդեռ Սպասկին աչքի էր ընկնում ունիվերսալ, դինամիկ և հարձակողական խաղով։

Արդյունքում Սպասկին հաղթեց 12.5 : 10.5 հաշվով՝ հաղթելով 6 պարտիայում, պարտվելով 4-ում և ոչ-ոքի խաղալով 13-ում։ Այս հաղթանակով նա դարձավ աշխարհի 10-րդ չեմպիոնը և այն շախմատիստը, ով գահընկեց արեց Պետրոսյանին շախմատային գահից։

Դարի հանդիպումը. Սպասկին ընդդեմ Ֆիշերի

Շախմատի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկը 1972 թվականի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղն էր, որտեղ Սպասկին մրցեց ամերիկացի Բոբի Ֆիշերի հետ։ Այս մրցամարտը ձեռք բերեց ոչ միայն մարզական, այլև քաղաքական նշանակություն, քանի որ այն տեղի էր ունենում Սառը պատերազմի ֆոնին։ Մրցախաղը, որն անցկացվեց Ռեյկյավիկում (Իսլանդիա), գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Չնայած նրան, որ Սպասկին զիջեց Ֆիշերին, նրա անունը հավերժ մնաց պատմության մեջ որպես բացառիկ վարպետի, ինտելեկտուալի և ազնվության խորհրդանիշի։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կորցնելուց հետո Սպասկին շարունակում էր փայլել միջազգային մրցաշարերում՝ ցուցադրելով նուրբ ոճ, ունիվերսալ խաղ և ռազմավարական խորություն։ 1970-ականների վերջում նա տեղափոխվեց Ֆրանսիա, բայց միշտ պահպանեց կապը հայրենիքի հետ։ Չնայած տարիքին և առողջական խնդիրներին, նա շարունակեց մասնակցել շախմատային կյանքին՝ ոգեշնչելով նոր սերունդներին։

Մարդ՝ շախմատային տախտակից այն կողմ

Բորիս Սպասկին ոչ միայն մեծ շախմատիստ էր, այլև բացառիկ մարդ՝ նուրբ հումորով, կյանքի իմաստությամբ և արիստոկրատական վարվելակերպով։ Նրա ընկերական հարաբերությունները մրցակիցների հետ, հարգալից վերաբերմունքը հակառակորդների նկատմամբ և շախմատի գեղեցկությունը գնահատելու կարողությունը նրան դարձրեցին լեգենդ, որի ազդեցությունը դուրս է գալիս 64 վանդակների սահմաններից։

Այսօր շախմատային աշխարհը սգում է մեծ վարպետի կորուստը, ում անունը կմնա պատմության մեջ։ Բորիս Սպասկին եղել է և կմնա շախմատային արվեստի խորհրդանիշ, իսկ նրա ժառանգությունը կոգեշնչի ապագա սերունդներին։

Հավերժ հիշատակ մեծ չեմպիոնին։

Վարդան Պապիկյան