
Տարիքային կենսաթոշակ. ե՞րբ դիմել և ո՞ր դեպքում կդադարեցվի
Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է 2 պայման․ պետք է քաղաքացու 63 տարին լրացած լինի, և նա պետք է ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ․ «Օրենաչափ» հեղինակային հաղորդման ընթացքում պարզաբանել է փաստաբան Տիգրան Գրիգորյանը։
Նախատեսված է նաև դեպք, երբ հնարավոր է մեկ տարի շուտ, այսինքն՝ 62 տարին լրանալուց հետո ստանալ տարիքային կենսաթոշակ։ Սա կիրառվում է այն դեպքում, երբ անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
Այսինքն, եթե քաղաքացին ունի 35 տարվա աշխատանքային ստաժ, ապա կարող է նաև 62 տարին լրանալուց դիմել, որպեսզի իրեն նշանակվի կենսաթոշակ։
Իսկ ե՞րբ կարող է 63 տարին կամ 62 տարին լրացած և համապատասխան աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին դիմել կենսաթոշակ նշանակելու համար։
«Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ: Սակայն պետք է հիշել, որ կենսաթոշակը հաշվարկվում է կենսաթոշակ նշանակող մարմին դիմումի մուտքագրման օրվանից։ Դա նշանակում է, որ օրինակ՝ եթե քաղաքացին կենսաթոշակ նշանակելու համար դիմել է 63 տարին լրանալուց հետո վեց ամիս անց, նա չի ստանա այդ վեց ամիսների կենսաթոշակը»,-պարզաբանել է փաստաբանը։
Տիգրան Գրիգորյանը հիշեցրել է՝ հարկ է նշել, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը: «Կենսաթոշակ ստանալու իրավունքը կարող է դադարեցվել, օրինակ՝ երբ մարդը դադարեցնում ՀՀ քաղաքացիությունը և դառնում օտարերկրյա քաղաքացի, կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում և այլն»-ասել է փաստաբանը։