
Նոր տեխնիկական խափանում՝ Arca համակարգում․ ի՞նչն է պատճառը
«Արմենիան Քարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Arca համակարգում կրկին խնդիրներ են առաջացել։ Ընկերության հաղորդմամբ՝ ինտերնետ կապուղիների հետ կապված տեխնիկական խափանումների պատճառով Ecommerce գործարքները անհասանելի են, իսկ ինտերնետով աշխատող մնացած ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ։ Arca-ն նշում է, որ իրավիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Arca համակարգի խափանումները։ Օգոստոսի 1-ին գրանցված խափանման ժամանակ օգտատերերը բողոքել են, որ օնլայն գնումներ կատարելիս համակարգը ցուցադրել է անավարտ գործարք, իսկ աշխատանքի վերականգնումից հետո քաղաքացիների հաշվեհամարներից փաստացի գումար է գանձվել, չնայած որ շատերը գործարքները կատարել էին արդեն կանխիկով։
Կենտրոնական բանկից ABC media-ին տեղեկացրել էին, որ Arca համակարգի գործառնական հուսալիությունը և անվտանգությունը մշտադիտարկման առարկա է, իսկ վերջին խափանումների պատճառները բացահայտել ու վերլուծել են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի մասնագետները։ Տեղի ունեցած խնդիրների հետևանքները վերացնելու և նմանատիպ խնդիրների կրկնությունը կանխելու համար ընկերությունում իրականացվում են համապատասխան միջոցառումներ։
Խափանման պատճառով ուշացած վարկային վճարումների, միջազգային փոխանցումների և մերժված գործարքների իրական ծավալը դեռևս անհայտ է։ Կենտրոնական բանկը տեղեկացրել էր նաև, որ քաղաքացիների վարկային պարտավորությունների մարման անհնարինության մասով ազդակներ չի ստացել. այդպիսի դեպքերի առկայության դեպքում քաղաքացիները կարող են դիմել իրենց սպասարկող բանկերին։