
Փաշինյանն առաջարկում է իշխանափոխություն անել, բայց կալանավորում է հեղափոխության կոչ անողներին. Խոսրով Հարությունյան
Մենք տեսնում ենք տրոհված, բզկտված, միմյանց հանդեպ չգիտես ինչ հիմնավորմամբ պահանջներ ներկայացնող, միմյանց կոկորդ կրծող ընդդիմություն. ABC Media-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Փաշինյանը հայտարարում է, թե ինքը միակ ու անկրկնելի ղեկավարն է, որը ժողովրդին կոչ է անում հեղափոխություն անել, եթե կոնցեպտուալ առումով համաձայն չեն նրա արտաքին քաղաքական մոտեցումների` մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցմանը: Ինձ մոտ հարց է առաջանում՝ մեր բանտարկյալները, օրինակ՝ Ռուբեն Հակոբյանը, ինչո՞ւ է հայտնվել ճաղերի հետևում, որովհետև նա կոչ է անում հեղափոխությա՞ն, չէ՞ որ հեղափոխության արդյունքում պետք է լինի իշխանափոխություն։ Ասում է՝ պատմության մեջ դուք չեք գտնի մի ղեկավարի, որ ձեզ կասի կոչ եմ անում իշխանափոխության, բայց ով այդպիսի քայլեր կատարի, իրեն կնստացնեն»,- ասում է Հարությունյանը։
ՀՀ նախկին վարչապետի խոսքով` 2021 թվականի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսված քայլերն ու իրականությունը բացարձակապես իրար հետ կապ չունեն:
«Արձանագրենք, որ Փաշինյանը, իր խոսքով, ՀՀ այն միակ ղեկավարն է, ում կարծիքով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունքները պետք է բավարարեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի ժողովրդի պահանջներն ու ցանկությունները։ Սակայն մենք այսօր որևէ բան այդ առումով չենք տեսնում»,- ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը պետության ծննդյան վկայականն է: Այն հնարավոր չէ մոռանալ կամ չեղարկել: Իսկ Ղարաբաղյան շարժումը իշխանությունները դիտարկում են որպես տարածքային պահանջ Ադրբեջանի հանդեպ։ Այդպես էլ կարծում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հարությունյանը նշել է, որ Ղարաբաղյան շարժումը պայմանավորված չէր տարածքային պահանջներով, դա ուներ մեկ նպատակ՝ արցախահայությունը ուզում էր փրկվել Ցեղասպանությունից:
«Արցախահայությունը ուներ Նախիջևանի հայության ճակատագրի օրինակը: 1920 թվականին Նախիջևանի 50%-ը հայեր էին: 1988 թվականի այնտեղ այլևս հայեր չկային. ի՞նչ էր սա, եթե ոչ ցեղասպանություն: Ահա այդ ճակատագրից խուսափելու համար Արցախ հայությունը ոտքի կանգնեց: Ղարաբաղի ժողովուրդը հարց էր բարձրացնում Հայաստանին միանալու համար, և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը տարածքների մասին չէր: Եթե չլիներ արցախյան առաջին ազատամարտը, այն, ինչ եղավ 2023 թվականին, կլիներ 1992-ին»,- նշել է Հարությունյանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ գործող իշխանությունը գնալու է արտահերթ ընտրությունների՝ սեփական իշխանությունը փրկելու:
«Հայտնի չէ՝ Ադրբեջանը ինչ քայլերի կգնա և ինչեր թույլ կտա իրեն, որպեսզի ինքը ձերբազատվի այս բոլոր սպառնալիքներից, պետք է գնաл ծայրահեղ քայլերի, ինչը ընդդիմությունը չի գիտակցում»,- եզրափակել է ՀՀ նախկին վարչապետը:


