23 Նոյ
2026
4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր Սահմանադրության նախագիծը՝ գործողի համեմատ․ ի՞նչ է փոխվում

Նոր Սահմանադրության նախագիծը՝ գործողի համեմատ․ ի՞նչ է փոխվում

Հայաստանի նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը բաղկացած է 12 գլխից և 89 հոդվածից։ Գործող Սահմանադրությունն ունի 16 գլուխ։ Նախագծով վերաշարադրված են պետականության հիմնարար դրույթները, մարդու իրավունքների և պարտականությունների համակարգը, խորհրդարանի վերահսկողական լիազորությունները, նախագահի կարգավիճակը, դատական և դատախազական համակարգերի ձևավորման կարգը։

Անկախության հռչակագրի հիշատակումը դուրս է եկել նախաբանից

Գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ հայ ժողովուրդն ընդունում է Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։

Նոր նախագծի նախաբանում այս ձևակերպումը չկա։ Փոխարենը նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը Սահմանադրությունն ընդունում է՝ հանուն պետականության հարատևության ու զարգացման, միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու և այն սերնդեսերունդ փոխանցելու նպատակով։

Փոխվել է նաև առաջին հոդվածի ձևակերպումը։ Գործող Սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Նախագծում այս շարքին ավելացվել է «աշխարհիկ» բնորոշումը։

Նախագծի առաջին հոդվածով առանձին սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Երկրորդ հոդվածով նշվում է, որ ժողովուրդը հիմնադրել է պետությունը՝ իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ու ինքնությունը պաշտպանելու, ինչպես նաև մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։

Գործող Սահմանադրությամբ ժողովուրդը իշխանության աղբյուրն է, իսկ նոր նախագծում առանձին հոդվածով սահմանվում է, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է։

Եկեղեցու, պետական խորհրդանիշների և սփյուռքի վերաբերյալ դրույթները

Գործող Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Նույն դրույթը պահպանվել է նաև նոր նախագծում։ Փոխվել է եկեղեցու և պետության հարաբերությունների կարգավորման ձևակերպումը։ Գործող Սահմանադրությամբ այդ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, իսկ նախագծով՝ կարգավորվում են օրենքով։

Պետական խորհրդանիշների մասով նույնպես փոփոխություն կա։ Գործող Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված է զինանշանի նկարագրությունը, այդ թվում՝ Արարատ լեռան, Նոյյան տապանի և պատմական չորս թագավորական տների զինանշանների պատկերները։

Նոր նախագծի 16-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը։ Դրանց նկարագրությունը և օրհներգը սահմանվելու են օրենքով, որն ընդունվելու է հանրաքվեով։ Այսինքն՝ զինանշանի մանրամասն նկարագրությունն այլևս Սահմանադրության տեքստում չի ամրագրվում, այլ վերապահվում է հանրաքվեով ընդունվող օրենքին։

Նախագծում առանձին հոդվածով ամրագրված է նաև հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման և հայկական ինքնության պահպանմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ որպես նպատակ սահմանելով հայրենադարձությունը։

Կուսակցությունների ֆինանսավորում և լրատվամիջոցների թափանցիկություն

Նոր նախագծում կուսակցությունների և զանգվածային լրատվության միջոցների գործունեությանն առանձին գլուխ է հատկացված։

Գործող Սահմանադրությամբ կուսակցությունները գործում են ազատորեն, նրանց համար երաշխավորվում են հավասար իրավական հնարավորություններ, իսկ ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ են հրապարակվում։

Նոր նախագծի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ կուսակցությունները կարող են ֆինանսավորվել միայն քաղաքացիներից նվիրատվություններ ստանալու միջոցով, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական բյուջեից։ Կուսակցությունների գործունեությունը պետք է լինի ֆինանսապես թափանցիկ։

Նախագծի 24-րդ հոդվածով նախատեսվում է նաև կուսակցության գործունեության արգելում Սահմանադրական դատարանի որոշմամբ, եթե կուսակցությունը ստացել է ֆինանսավորում օտարերկրյա աղբյուրից։ Գործող Սահմանադրության մեջ կուսակցության արգելման հիմքերի շարքում նման ձևակերպում չկա։

Նախագծի 28-րդ հոդվածով զանգվածային լրատվության միջոցների համար նույնպես սահմանվում է ֆինանսական թափանցիկության սկզբունք։ Գործող Սահմանադրությամբ երաշխավորվում է մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը, սակայն լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության վերաբերյալ նման առանձին սահմանադրական դրույթ չկա։

Ազգային ժողովի վերահսկողությունն ընդլայնվում է

Նոր նախագծում խորհրդարանի վերահսկողական լիազորություններին ավելի մեծ տեղ է հատկացված։ Գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Նոր նախագծում այդ գործառույթը պահպանվում է, սակայն ավելացվում են վերահսկողության մի շարք մեխանիզմներ։

Նախագծի 43-րդ հոդվածով սահմանվում է վարչապետին անվստահություն հայտնելու կարգը։ Որոշման նախագիծը պետք է ներկայացվի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ միաժամանակ առաջարկելով վարչապետի նոր թեկնածու։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո։ Եթե անվստահության նախագիծը չի ընդունվում, նույն հարցով նոր նախագիծ կարելի է ներկայացնել ոչ շուտ, քան վեց ամիս անց։ Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել։

Նախագծի 44-րդ հոդվածով սահմանվում է նաև փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցչին անվստահություն հայտնելու հնարավորություն։ Նման նախագիծ կարող է ներկայացնել Ազգային ժողովի խմբակցությունը՝ հերթական նստաշրջանի ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ։

Նախագահի ընտրության և լիազորությունների նոր կարգավորումները

Գործող Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։ Նոր նախագծով այս կարգը պահպանվում է, սակայն փոխվում են նախագահի ընտրության փուլերը։

Նախագծի 49-րդ հոդվածով նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե թեկնածուն չի ընտրվում, անցկացվում է երկրորդ փուլ, որտեղ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ փուլում ևս նախագահ չի ընտրվում, անցկացվում է երրորդ փուլ, որտեղ բավարար է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։

Նախագծով նախագահի լիազորությունների շրջանակում նախատեսված են նաև նոր գործառույթներ։ Նախագահը կարող է հետևել դատարանների և դատավորների անկախության պահպանմանը և այդ նպատակով հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նիստեր։

Դատական համակարգ․ ԲԴԽ-ի կազմը և դատավորների վերագնահատումը

Նոր նախագծով Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է լինելու տասը անդամից՝ հինգ դատավոր և հինգ դատավոր չհանդիսացող անդամ։

ԲԴԽ անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով։ Դատավոր չհանդիսացող անդամներից մեկը ընտրվելու է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ։ Խորհրդի անդամներն ընտրվելու են յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Գործող Սահմանադրությամբ ԲԴԽ-ն նույնպես կազմված է տասը անդամից, սակայն դրա անդամների ընտրության և կազմավորման կարգը նոր նախագծում վերաշարադրված է։

Նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է նաև գործող դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Այն պետք է իրականացվի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում։

Վերագնահատման ենթակա են լինելու Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորները, ինչպես նաև ԲԴԽ դատավոր չհանդիսացող անդամները։ Գնահատման շրջանակում նախատեսվում է ստուգել դատավորի բարեվարքությունը, վարքագծի և շահերի բախման կանոնների պահպանումը, մասնագիտական կարողություններն ու գույքային դրության համապատասխանությունը օրինական եկամուտներին։

Վերագնահատումն իրականացնելու է հինգ անդամից կազմված հանձնաժողովը։ Դրա երկու անդամին առաջադրելու է Հանրապետության նախագահը, երկուսին՝ Մարդու իրավունքների հանձնակատարը, մեկին՝ Կառավարությունը։ Հանձնաժողովի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը։

Սահմանադրական փոփոխությունները՝ միայն հանրաքվեով

Գործող Սահմանադրությամբ որոշ հոդվածների և գլուխների փոփոխությունները կատարվում են միայն հանրաքվեով, իսկ մյուս դրույթների փոփոխության համար նախատեսված է նաև խորհրդարանական ընթացակարգ։

Նոր նախագծի 77-րդ հոդվածով սահմանվում է, որ Սահմանադրությունն ընդունվում է, իսկ դրա փոփոխությունները կատարվում են միայն հանրաքվեի միջոցով։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ