
Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է երկիրը վերադարձնել Եվրամիություն. Times
Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնհեմը մտադիր է Մեծ Բրիտանիան վերադարձնել Եվրամիություն։ Այս մասին գրում է բրիտանական «Times» պարբերականը՝ հղում անելով զրուցակցին՝ վարչապետի բարձրաստիճան զինակից-ընկերոջը։
«Էնդի Բերնհեմը վճռական է Բրիտանիան Եվրոպական միություն վերադարձնելու հարցում»,- գրում է լրատվամիջոցը։
Ըստ վարչապետի բարձրաստիճան զինակցի՝ Բերնհեմը խորապես հավատացած է, որ Բրիտանիան պետք է վերամիավորվի ԵՄ-ին։
«Նա ցանկանում է վերադառնալ։ Սա է ճշմարտությունը... Նրա ապրումները խորն են, և կարծում է, որ հասարակական կարծիքն ևս իր կողմն է։ Այն տեսակետը, թե դրա հետևում ինչ-որ մեկը կա, կամ որ դա պարզապես հմուտ քայլ է, ինչ-որ մարտավարություն, սխալ է։ Նա պարզապես անկեղծորեն հավատում է դրան»,- փոխանցում «Times»-ը։
Նշենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը Brexit-ի վերաբերյալ նոր համաձայնագիր էին կնքել, որը նախատեսում է պարենամթերքի ազատ առևտուր, երիտասարդների ազատ տեղաշարժ՝ 100 հազար մարդու սահմաններում։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ժամանակ բրիտանացիների 52 տոկոսը կողմ էր արտահայտվել Եվրամիությունից դուրս գալուն, իսկ 2020 թվականի հունվարի 31-ին երկիրը լքել էր ԵՄ-ն՝ 47 տարվա անդամակցությունից հետո։
Brexit-ից հետո սահմանված անցումային շրջանը, երբ Բրիտանիայում գործում էին ԵՄ բոլոր նորմերն ու օրենքները, իսկ քաղաքացիները ճամփորդում էին պարզեցված ընթացակարգով, ավարտվել էր նույն տարվա դեկտեմբերի 31-ին։ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ էր մտել կողմերի միջև առևտրի և գործակցության մասին համաձայնագիրը։


