20 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ից՝ Մոսկվա․ ո՞վ է ՌԴ-ում դեսպան նշանակված Սամվել Մկրտչյանը

ՆԱՏՕ-ից՝ Մոսկվա․ ո՞վ է ՌԴ-ում դեսպան նշանակված Սամվել Մկրտչյանը

Հայաստանը Ռուսաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Սամվել Մկրտչյանի թեկնածությունը։ 67-ամյա դիվանագետի մասնագիտական գործունեության զգալի մասը կապված է եղել եվրոպական կառույցների, ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Հիմա, երբ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածություն է դիտարկվում, նրան գործուղում են Մոսկվա՝ փոխարինելու Գուրգեն Արսենյանին։

Մկրտչյանը ծնվել է Երևանում, մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա՝ ԳԱԱ ասպիրանտուրան։ Մինչև դիվանագիտական ծառայության անցնելը աշխատել է Պետական պատմական արխիվում և Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում։

Արտաքին գործերի նախարարությունում աշխատանքը սկսել է 1991 թվականին։ Նրա կարիերայի առաջին կարևոր հանգրվաններից մեկը եղել է Վիեննան։ 1994-2000 թվականներին Մկրտչյանը եղել է ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի տեղակալը, ինչպես նաև ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում և միջազգային մի շարք կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը։

Այդ տարիներին նա ներգրավված է եղել նաև արցախյան բանակցային գործընթացում․ 1995-1997 թվականներին եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայկական բանակցային խմբի անդամ։

2000-2004 թվականներին ղեկավարել է ԱԳՆ Եվրոպայի վարչությունը, իսկ 2004-ին նշանակվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2010 թվականը։

Հետագայում Մկրտչյանը վերադարձել է ԱԳՆ՝ ղեկավարելով սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունը։ 2016 թվականին նշանակվել է Լիբանանում Հայաստանի դեսպան, իսկ 2018-ին՝ Լեհաստանում։ Վարշավայում պաշտոնավարել է մինչև 2023 թվականը։ Հայաստան վերադառնալուց հետո կրկին ղեկավարել է ԱԳՆ Եվրոպայի վարչությունը։

Այսպիսով, Մոսկվա է ուղարկվում դիվանագետ, որի աշխատանքային փորձի հիմնական ուղղություններից մեկը եղել է եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը։

Մկրտչյանի թեկնածության շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս մինչև Գուրգեն Արսենյանի հետկանչի պաշտոնական հաստատումը։ Մամուլը գրել էր, որ Մոսկվան ձգձգում է նրա ագրեմանի տրամադրումը՝ հնարավոր վերապահումներ ունենալով թեկնածուի մասնագիտական անցյալի պատճառով։ Սակայն նոյեմբերի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել էր այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ Մկրտչյանի թեկնածությունը չհամաձայնեցնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։

Նոյեմբերի 19-ին Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին տեղեկությունը։ Նա նշել է, որ պաշտոնավարման երկամյա ժամկետն ավարտվել է, և մինչև տարեվերջ կվերադառնա Հայաստան։ Արսենյանը Ռուսաստանում դեսպան էր նշանակվել 2024 թվականի օգոստոսին։

Մկրտչյանի նշանակման շուրջ մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա․ ըստ «Հրապարակի» հրապարակման՝ նա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմյանի մորեղբայրն է։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ