20 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատգամավորը կդիմի դատարան. Արցախում ծնվածների անձնագրերում ծննդավայրի դաշտում Ադրբեջան կնշվի

Պատգամավորը կդիմի դատարան. Արցախում ծնվածների անձնագրերում ծննդավայրի դաշտում Ադրբեջան կնշվի

Արցախում ծնված Հայաստանի քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու որոշումը քննադատության է արժանացել։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը պնդում է, որ միջազգային չափանիշները նման պահանջ չեն սահմանում, և հնարավոր է ծննդավայրի դաշտում նշել կոնկրետ բնակավայրի անունը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այսօր պարզաբանել էր, որ նոր կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամանակ առաջնորդվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 ստանդարտով և ISO 3166 միջազգային ստանդարտով, որը սահմանում է երկրների անվանումների ցանկը։ Ծառայության հիմնավորմամբ՝ այս մոտեցումը պայմանավորված է նաև արտերկրում անձնագրերի մեքենաընթերցման և սահմանային վերահսկողության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու անհրաժեշտությամբ։

Արեգա Հովսեփյանն ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային փաստաթղթերը չեն պարտադրում ծննդավայրի դաշտում անպայման նշել պետության անվանումը։ Ըստ պատգամավորի՝ համապատասխան ստանդարտը թույլ է տալիս նշել նաև քաղաքի կամ համայնքի անունը։ Որպես օրինակ՝ կարելի է գրել Ստեփանակերտ, Մարտունի կամ այլ բնակավայր։

«Նման խնդիր առաջացել էր նաև 2023 թվականին, երբ արցախցիները ստիպված էին կրկին դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Այդ ժամանակ որոշ անձանց անձնագրերում նույնպես փորձել են ծննդավայրի դաշտում նշել Ադրբեջան, սակայն քաղաքացիների բողոքներից հետո գրառումը փոխվել է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հովսեփյանը չի ընդունում նաև այն հիմնավորումը, թե ծննդավայրի նշման տարբերակը կարող է խնդիրներ առաջացնել արտերկրում նույնականացման ժամանակ։ Նրա պնդմամբ՝ միջազգային նույնականացման հիմնական չափանիշներն են անձի անունը, ազգանունը, սեռը և ծննդյան ամսաթիվը, իսկ ծննդավայրը պարտադիր նույնականացման տվյալ չէ։ Նա նաև նշում է, որ կան երկրներ, որոնց անձնագրերում ծննդավայրն ընդհանրապես չի նշվում։

Պատգամավորը պնդում է, որ խնդրի հիմքում միջազգային պարտադիր պահանջը չէ, այլ Հայաստանի կառավարության՝ 2026 թվականին ընդունած որոշումը։ Նրա գնահատմամբ՝ արցախցիների ծննդավայրի փոխարեն Ադրբեջան նշելն անընդունելի է ոչ միայն իրավական, այլև քաղաքական, դիվանագիտական և բարոյական տեսանկյուններից։

«Այն անձինք, որոնք երբևէ մեկ օր չեն ապրել ադրբեջանական օրենքների ներքո, խոսքս  առավել ևս 1991 թվականից այս կողմ ծնվածների մասին է, ի՞նչ հիմնավորմամբ է նրանց ծննդավայրի դաշտում գրվում Ադրբեջան։ Որևէ հիմնավորում նրանք չեն կարող տալ»,- ասաց Հովսեփյանը։

Նա չի բացառում, որ հարցով դիմեն միջազգային կազմակերպություններին և սկսեն դատական գործընթացներ։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիները կարող են պահանջել, որ ծննդավայրի դաշտում նշվի իրենց ծննդավայր բնակավայրը, սակայն գործող կարգավորման պայմաններում կա նաև անձնագիր չտրամադրելու վտանգ։

Հովսեփյանը հայտնեց, որ արդեն կան քաղաքացիներ, որոնք տեղեկանալով նոր կարգի մասին՝ հետ են վերցրել անձնագիր ստանալու դիմումները։

Նա հայտարարեց, որ նախաձեռնելու են պայքար՝ որոշումը փոխելու համար։

Սեդա Մակարյան

 

 

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ