
ԱՄՆ-ն ու Իսրայելը դիտարկում են Իրանի վրա նոր հարձակման հնարավորությունը․ CBS
Իսրայելն ու Միացյալ Նահանգները քննարկում են մոտ ապագայում Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը։
CBS News-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը մտահոգված է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունների արագ վերականգնմամբ, ինչպես նաև իր ռազմական և միջուկային ենթակառուցվածքները հնարավոր հարձակումներից պաշտպանելու փորձերով՝ դրանք ստորգետնյա կառույցներ տեղափոխելով։
Հրապարակման համաձայն՝ իսրայելական բանակը պատրաստ է Իրանի հետ նոր ռազմական բախման և իր պաշտպանական պատրաստվածությունը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի՝ Թեհրանից հնարավոր առաջին հարձակումը հետ մղելու համար։
Աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուի վարչակազմը կողմ է Միացյալ Նահանգների հետ համատեղ ռազմական գործողությանը։ Սակայն դեռևս անհայտ է, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի նոր ռազմական գործողություն սկսել և ինչ ձևաչափով այն կարող է լինել։
Նշվում է, որ այս շաբաթ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը կարող է փորձել քիմիական կամ կենսաբանական զենք մշակել, բայց չի ներկայացրել իր պնդումները հաստատող որևէ ապացույց։
CBS News-ի աղբյուրները նշում են, որ Իրանի հետ պատերազմը Հանրապետական կուսակցության վերջին միջանկյալ ընտրություններում պարտության հիմնական գործոնն էր, այն շարունակում է կորցնել ժողովրդականությունն ամերիկյան հանրության շրջանում։


