20 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը փորձում է վերարտադրել 2014-2018-ի սցենարը․ քաղաքագետ

Փաշինյանը փորձում է վերարտադրել 2014-2018-ի սցենարը․ քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ նոր Սահմանադրության հանրաքվեի համար 6 ձայնի դիմաց երաշխավորել ընդդիմության քաղաքական ապագան, համեմատում է 2014–2018 թվականներին Սերժ Սարգսյանի վարչապետության շուրջ ծավալված զարգացումների հետ։

«Փորձ է արվում վերարտադրել այն սցենարը, որը մենք տեսել ենք 2014-2018 թվականներին, բայց այս դեպքում՝ Սահմանադրության փոփոխության համատեքստում՝ այլ նպատակներով», - ABC Media-ի հետ զրույցում նշեց Մաթևոսյանը։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը փորձելու է նաև նոր Սահմանադրության հարցը դարձնել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների գլխավոր քաղաքական բաժանարար գիծը։

«Փաշինյանը հաստատ փորձելու է ընդդիմությանը ներկայացնել որպես խաղաղության ճանապարհին խոչընդոտ։ Սա այն թեզն է, որը մենք պետք է սպասենք, որ նա առաջ է տանելու», - ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով նոր Սահմանադրության փոփոխության իրական շարժառիթներին՝ Մաթևոսյանն ուշադրություն հրավիրեց Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումների վրա։

«Ի՞նչ կարող էր քննարկվել Դուբլինում, որից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց այդքան ակտիվորեն խոսել Սահմանադրության փոփոխության մասին»,-հարց ուղղեց նա։

Քաղաքագետը հիշատակեց նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցի անոնսը, որը հետագայում հեռացվեց։ Մաթևոսյանի խոսքով՝ դրանից հետո Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն ավելի պատրաստակամ դարձավ Ադրբեջանի պահանջներին ընդառաջ գնալու հարցում։ Նա, սակայն, ընդգծեց, որ սա իր վարկածն է։

Խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ Մաթևոսյանը նշեց, որ Հայաստանի սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը Ադրբեջանը համարում է տարածքային պահանջ։ Սակայն, նրա խոսքով, պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի սահմանադրության դրույթները։

«Եթե մենք իսկապես գնում ենք խաղաղության, այլ ոչ թե դրա իմիտացիայի, եթե ուզում ենք կողք կողքի ապրել, այս հարցերի լուծումը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծումը, դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը պետք է գտնենք բալանսավորված ձևով։ Բայց մենք դա չենք կարող գտնել առանց միջնորդների», - ասաց նա։

Մաթևոսյանի համոզմամբ՝ ընդդիմությունը չպետք է սահմանափակվի միայն նոր Սահմանադրությանը դեմ արտահայտվելով։

«Քիչ է, որ ընդդիմությունն ասի՝ իրենք դեմ են «ալիևյան Սահմանադրությանը»։ Իրենք պետք է առաջարկ ներկայացնեն, թե այս խնդիրը ոնց է լուծվելու», - ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ հակառակ դեպքում իշխանությունը կարող է ընդդիմությանը մեղադրել հնարավոր նոր պատերազմի համար։

Նանե Հայրապետյան

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ