20 Նոյ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր Ալիևը ցանկանում է, որ մենք նոր սահմանադրություն ունենանք, վաղը կարող է ցանկանալ, որ մենք նոր կրոն ու լեզու ունենանք․ Մարիաննա Ղահրամանյան

Այսօր Ալիևը ցանկանում է, որ մենք նոր սահմանադրություն ունենանք, վաղը կարող է ցանկանալ, որ մենք նոր կրոն ու լեզու ունենանք․ Մարիաննա Ղահրամանյան

Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որն արտահայտում է ժողովրդի կամքն ու ոչ մի դեպքում չի կարող արտահայտել օտար պետության ղեկավարի կամքը․ այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Վաշինգտոնում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, ու թվում էր՝ բոլոր հարցերը կարգավորված են, և վերջնական պայմանագրի ստորագրումը սարերի հետևում չէ, բայց մինչև այսօր պայմանագիր չկա, ու հայտնի չէ, թե երբ է այն լինելու, լինելու է, թե ոչ։ Օգոստոսի 9-ին՝ վաշինգտոնյան ստորագրությունից մեկ օր անց, Իլհամ Ալիևը նորից խոսեց Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջի մասին, որպես նախապայման հնչեցրեց։ Հիմա հարցադրում․ եթե նախաստորագրված պայմանագրում արձանագրված է, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, չեն միջամտելու միմյանց ներքին գործերին, ունեն միջազգային պայմանագրային պարտավորություն, ինչո՞ւ է Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը շարունակում մնալ Բաքվի օրակարգում»,-ասաց նա։

Ինչու, ըստ ընդդիմադիր պատգամավորի, մենք պետք է ընդունենք մի իրավիճակ, երբ երկու երկրների միջև խաղաղության հաստատումը վերջնական պայմանագրով պետք է կախված լինի երկրներից մեկի ներքին իրավական կարգին վերաբերելի մայր օրենքի փոփոխությունից, որը մյուս երկրի ղեկավարի կամքով է թելադրված։

«Ինքնիշխանության մասին ձեր ուժը թերևս ամենաշատն է խոսել, բայց ցավալիորեն դուք Հայաստանի ինքնիշխանությանն ամենաշատը վնասած քաղաքական ուժն եք։ Ինքնիշխանությունը միայն սեփական դրոշ ունենալը չէ, ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ, ինքնիշխանությունն անգամ ՄԱԿ-ում սեփական աթոռ ունենալը չէ, ինքնիշխանությունը կարողությունն է սեփական ժողովրդի անունից կայացնել որոշումներ, ոչ թե առաջնորդվել օտար երկրի ղեկավարի կամքով»,- նշեց Մարիաննա Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ զիջումների շղթան կանգ չի առնելու։

«Այսօր Ալիևը ցանկանում է, որ մենք նոր սահմանադրություն ունենանք, վաղը կարող է ցանկանալ, որ մենք նոր կրոն ունենանք, նոր լեզու ունենանք կամ առհասարակ դադարենք լինել հայ։ Շատ եք խոսում այն մասին, թե թող ժողովուրդն ասի, ժողովուրդն արդեն ասել է ձեզ՝ չի՛ տվել սահմանադրական մեծամասնություն»,- ասաց պատգամավորը։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ