
Ես ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից զորք հետքաշելու հրաման երբևէ չեմ տվել․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նախնական պայմանավորվել ենք, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա, և ՌԴ նախագահի հետ հանդիպում, քննարկում կունենանք. այսօր Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացնում ենք Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով․
- ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը մեր ներքին պրոցեսների արդյունքում է դարձել օրակարգային հարց, այսինքն՝ այստեղ ՌԴ-ն ամենաառաջնային դերը չունի, այսինքն՝ մենք էլ ենք ընդունում, որ այսպիսի հարց լինելու է, և այսպիսի հանրաքվեի անհրաժեշտություն լինելու է։ Մենք դա չենք էլ թաքցրել։
- Ժողովուրդը հանրաքվեին «ոչ» կասի, ես հրաժարական կտամ։ Իսկ եթե ժողովուրդն ասի՝ այո, ես մինչև վերջ կտանեմ խաղաղության օրակարգը, և հաջորդ ընտրություններում չեմ լինի թեկնածու։
- Ընդդիմությանն առաջարկում եմ քաղաքական սցենար, որը բոլոր դեպքերում ավարտվում է իմ հեռացմամբ։ Հիմա կերևա՝ իրենք ինձ հեռացնելու քաղաքական օրակարգ ունե՞ն, թե՞ չունեն, թե՞ ձևեր են թափում։ Հիմա սպառնալիք կդիտարկվի, թե չի դիտարկվի, ես հիմա հայտարարում եմ՝ եթե իրենք (ընդդիմությունը) ինձ չհեռացրին, ե՛ս եմ իրենց հեռացնելու։
- Այո՛, Սահմանադրության թեմայով քննարկում ունեցել եմ Ալիևի հետ նաև Դուբլինում։
- Մեծ պատիվ է նման հրավեր ստանալը: Ես կմասնակցեմ ԱՄՆ-ում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովին։
- Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ, և դա նորմալ է։ Այն տեղերում, որտեղ հարկ է համարում խորհրդակցել, խորհրդակցում է, որտեղ պետք չէ՝ ոչ։
- Հարցը, որ պետք է պատասխան ստանա, հետևյալն է` Հայաստանի երկաթուղին արդիականացման համար մեծ ներդրումների կարիք ունի։ Արդյոք «Ռուսական երկաթուղիները» պատրաստվո՞ւմ են ներդրումներ անել անհրաժեշտ ծավալի, որպեսզի Հայաստանի երկաթուղին անհրաժեշտ մրցունակության մակարդակի բերվի։ Եթե պատրաստ են, շատ լավ, իսկ եթե ոչ, ապա պետք է գտնենք այլ ներդրողներ։
- Չեմ պատրաստվում դուրսպրծուկներին հանդուրժել։ Կոռուպցիան ձեր ԴՆԹ-ն է։
Կարապետյանների, Քոչարյանների ընտանիքը, Սերժն ու Միշիկը Հայաստանում կոռուպցիայից պիտի խոսե՞ն։ Գլուխներդ պատին եք տվել, պատերով եմ ծեփելու, ով լեզվին տվեց։ - Ես ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից զորք հետքաշելու հրաման երբևէ չեմ տվել։ Սև լճից հետ քաշվելու հրաման չեմ տվել երբեք։ Կանգնեցրել եմ պատերազմը։


