19 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունվարի 1-ից սոցփաթեթը կվերանա․ ի՞նչ է լինելու կուտակված գումարների հետ

Հունվարի 1-ից սոցփաթեթը կվերանա․ ի՞նչ է լինելու կուտակված գումարների հետ

Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական փաթեթի ծրագիրը։ Կառավարությունն առաջարկում է ծրագիրը փոխարինել սոցիալական երաշխիքների և վարձատրության նոր համակարգերով։

Հարցը Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ սոցիալական փաթեթը ներդրվել էր 2012 թվականին՝ պետական ծառայության գրավչությունը բարձրացնելու և համեմատաբար ցածր աշխատավարձերը լրացուցիչ փոխհատուցելու նպատակով։

«2012 թվականից սկսած և հատկապես վերջին տարիներին մեր կողմից իրականացրած բազմաթիվ բարեփոխումները հանրային կառավարման ոլորտում և նաև հարակից ոլորտներում բերել են մի իրավիճակի, որ, ըստ էության, այս ծրագիրն իր այն ժամանակվա իմաստը կորցրել է»,- ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ 2027 թվականից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում, իսկ հանրային կառավարման ոլորտում ներդրվում է փոխհատուցման նոր համակարգ։

Նախարարն անդրադարձավ նաև սոցիալական փաթեթների հաշիվներում կուտակված գումարներին։ Նրա խոսքով՝ քաղաքացիների հաշիվներում այս պահին մոտ 13 միլիարդ դրամ կա։

«Մենք նախագծով առաջարկում ենք, որպեսզի այդ կոնկրետ ուղղությունները դեռ ուժի մեջ մնան ևս վեց ամիս, և դրանից հետո արդեն որևէ ուղղություն չլինի, և նրանք կարողանան տնօրինել իրենց հասանելի գումարներն իրենց ցանկությամբ, ամբողջությամբ իրենց հայեցողությամբ։ Դա կլինի ինչ-որ պրոդուկտների ձեռքբերում կամ պարզապես փոխանցում իրենց բանկային քարտին և այնտեղից ծախս»,– նշեց Թորոսյանը։

Կառավարության նիստում նախագիծն ընդունվեց։ Այն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։

Նանե Հայրապետյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ